«Գնացեք, ձեզ հրաման տվեք, աշխատեք». ՀԾԿՀ նիստում Բիբինին նեղն են գցել
«Եթե դուք ինքներդ պետք է որոշեք՝ որն է ճիշտ, ապա գնացեք ձեզ հրաման տվեք, աշխատեք, մեր կարգերը, ՀՀ օրենքները դրեք մի կողմ, ձեր ճիշտ ու սխալով աշխատեք»,-այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում դիմելով նիստին ներկա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին հայտարարեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Այնուհետև շարունակեց. «Հակասության մեջ մտնելով մեր Հանձնաժողովի, գործող իրավական ակտերի ու ՀՀ օրենքների հետ որոշում եք կայացնում, հրաման եք ստորագրում և համարում եք դա ճի՞շտ»:
Խոսքը վերաբերում էր օլիմպիական կոմիտեին էլեկտրաէներգիա մատակարարելու մասին հարցին, երբ ՀԷՑ գլխավոր տնօրենը Հայաստանի օրենսդրությանը հակասող որոշում էր կայացրել՝ պարտավորեցնելով կոմիտեին 100 տոկոսով վճարում կատարել: Նազարյանին բարկացրեց տվյալ որոշման վերաբերյալ Բիբինի հետևյալ հայտարարությունը. «Այդ պահին դա ճիշտ որոշում էր, ժամանակավոր որոշում էր: Նման որոշում ընդունել ենք, որպեսզի ապահովենք համակարգի անխոչընդոտ աշխատանքը, որպեսզի կարողանանք արտադրող կայաններին վճարումներ կատարենք»:
Հանձնաժողովի նախագահը հիշեց, ինքը բազմիցս զանգել է Բիբինին հենց նույն հարցի վերաբերյալ. «Ես պարոն Բիբինին զանգեցի ու ասեցի՝ մեկ օր շուտ վերացրեք այդ հրամանը: Որոշ ժամանակ հետո նորից զանգեցի՝ հարցրի՝ վերացրի՞ք այդ հրամանը, ինքն ասում էր դեռ ոչ ու այդպես մի քանի անգամ և հիմա վարչական վարույթի հարց է բարձրացվել: Բա ի՞նչ անեն այն մարդիկ, ովքեր այդ հրամանի տակ աշխատել են, բա ի՞նչ անի օլիմպիական կոմիտեն, որին այդ հոսանքը պետք էր և որի համար 100 տոկոսով վճարում է կատարել, մինչև հոսանքը չեք միացրել»:
Բիբինն ընդունեց, որ իսկապես Նազարյանի հետ խոսակցություն եղել է և տեղեկացրեց, որ մեկ այլ որոշմամբ տվյալ հրամանը չեղարկվել է:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը նկատեց, որ ՀԷՑ-ը մենաշնորհային ընկերություն է և պարտավորվել է իր գործունեությունը ծավալել ՀՀ օրենքներին, կարգերին ու նորմատիվ ակտերին համահունչ:
«Ի՞նչ է նշանակում, ընկերությունը որոշեց, որ իր ֆինանսական վիճակը մի քիչ լավ չի, ոնց որ թե փող է պետք ու վաղվանից որոշում ենք, թե ով ուզում է էլէներգիային միանա, վաղվանից 100 տոկոսով պետք է վճարում կատարի: Դուք կարծում եք նման իրավունք է ունեցե՞լ: Ոչ, նման իրավունք չի ունեցել: Բայց այդ ոճով տարիներ շարունակ աշխատե՞լ, գիտեք, որ կարգավորող հանձնաժողովը հետևում է ձեր գործունեությանը: Ասեմ ավելին, դա անօրինական գործողություն է՝ դուք ստորագրում եք մի իրավական ակտ, որը հակասում է Հայաստանի օրենսդրությանը»,- դիմելով Բիբինին, հայտարարեց Արաբաջյանը:
ՀԾԿՀ անդամի խոսքով, որոշումը չեղարկելը հարցի լուծում չէ, այլ ժամանակավոր է եղել ու արդարացի է ընկերությանը պատժել տուգանքի տեսքով: Նազարյանը հարցը դրեց քվեարկության և ՀԷՑ-ին 10 մլն դրամով տուգանելու մասին որոշումն ընդունվեց:
Նախորդող հրապարակում՝
ՀԷՑ-ը չի կարող վճարել ոչ իր կորուստների համար. Բիբին