Գագիկ Սուրենյան. Երևանում ջերմաստիճանը 40-ի չի հասել
Այսօր շատ քաղաքացիների հեռախոսներ ու այլ սարքավորումներ արձանագրում են, որ Երևանում ձերմաստիճանը հասել է 40-ի: Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին Երևանի որևէ կետում իրենց սարքավորումները +40 աստիճան չեն արձանագրում:
«Մայրաքաղաքի ցածրադիր գոտիներում՝ այսինք Կենտրոնում, Շենգավիթում, 39 աստիճան տաքություն է, իսկ բարձրադիր վայրերում՝ 36-37 աստիճան»,-ասաց նա:
Սուրենյանի խոսքով, վաղվանից ջերմաստիճանը կսկսի իջնել 3-4 աստիճանով, նախատեսվում է, որ վաղը Երևանում կգրանցվի 36 աստիճան, հաջորդ օրը՝ 35 աստիճան: Նրա հավաստմամբ, այս տարվա ընթացքում մինչ այս պահը հանրապետության տարածքում 40 աստիճան շոգ չի գրանցվել:
Օդերևութաբանական ծառայության կանխատեսմամբ, հուլիսի 11-ին, 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 12-13-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Հանրապետության տարածքում հուլիսի 11-ին և 15-ին հյուսիսային շրջաններում, 12-13-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:
Հուլիսի 14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 11-12-ին կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
Շոգին դիմակայելու համար առողջապահության նախարարությունից խորհուրդ են տալիս խորոված, քաբաբ քիչ ուտել, հեղուկ շատ խմել:
Հիշեցնենք, որ Աշխատանքային օրենսգիրքը սահմանում է. «Հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն, եթե աշխատանքը կատարվում է պլյուս 40 աստիճան ցելսիուսից բարձր կամ մինուս 10 աստիճան ցելսիուսից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում, ինչպես նաև ծանր ֆիզիկական կամ մտավոր և հուզական գերլարված բնույթ կրող կամ առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ պայմաններում»: