«Դուք արդեն լկտիանում եք». Օսիպյանի սպառնալիքից հետո երիտասարդները շարունակեցին երթը
Ակցիայի մասնակից երիտասարդներին քիչ առաջ մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և հորդորեց նրանց ազատել փողոցը և չխանգարել քաղաքացիների ազատ տեղաշարժը:
«Դուք նոր տեխնոլոգիա եք կիրառում՝ սադրելով բախում: Հարգելի քաղաքացիներ, խնդրում եմ վեր կացեք, ասեք թող վեր կենան, հակառակ դեպքում ես ֆիզիկական ուժ կիրառելու իրավունք ունեմ և կիրացնեմ իմ իրավունք»,-դիմելով ակցիայի մասնակից երիտասարդներին ասաց նա, հավելելով, որ անհամաչափ կերպով խախտվել է մարդկանց տեղաշարժի իրավունքը:
«Դուք արդեն լկտիանում եք, ճիշտ է ներողություն այդ բառի համար, բայց իսկապես, լկտիանում եք: Քաղաքացիներն արդեն փնովում են ձեզ: Լրջացեք», -հայտարարեց Օսիպյանը:
Փոխոստիկանապետի այս հայտարարությունից հետո երիտասարդները որոշեցին վեր կենալ ու շարունակել երթը: Մաքսիմ Սարգսյանն ասաց, որ իրենք այդ քայլով փորձեցին զգոնացնել իշխանություններին և ցույց տալ, որ կարող են ուշադրություն հրավիրել իրենց վրա: