Հայաշատ թաղամասի հրթիռակոծության հետևանքով Հալեպի հայ համայնքը վնասներ չի կրել. Ժիրայր Ռեիսյան
Հալեպի հայաշատ Նոր Գեղի (Նոր Գյուղ) թաղամասում ընդհարումների ու հրթիռակոծության ձայներ կլսվեին, բայց ժողովրդին ոչինչ չի պատահել: Այդ մասին Հալեպից Panorama.am-ին տեղեկացրեց Հալեպում Հայ եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը:
«Երկու օր առաջ այդ շրջանի ոչ քրիստոնեաբնակ հատվածում պայթյուններ և անգամ զոհեր էլ կային, բայց մեր համայնքը ուղղակիորեն չի վնասվել»,-փոխանցեց պարոն Ռեիսյանը:
Նրա խոսքով, մի քանի օր շարունակ ջրազրկված լինելը Հալեպում կենցաղային մեծ խնդիրներ է առաջացրել. «Կենցաղային դժվարություններ ունեցանք, սկսեցինք ավելի ուշադիր ջուրն օգտագործել, և մարդիկ ջրի պակասի պատճառով ստիպված էին ջրավաճառներից ջուր գնել»:
Այժմ, սակայն, և էլեկտրաէներգիան, և ջուրը մատակարարվում է, բայց ժամային սահմանափակումներով:
Ինչ վերաբերում է Հալեպում հայ բնակչության սոցիալական վիճակին, հայ համայնքի ներկայացուցիչն ասաց. «Հայերն ու արաբները իրարից չեն տարբերվում, անշուշտ նախկին վիճակը չէ, և աշխատանք ունենալը մեծ դժվարություն է դարձել: Կա տնտեսական սղաճ, բայց գործեր կան, որոնք անխուսափելիորեն արվում են, ինչն էլ որոշ եկամուտ առաջացնում է: Իսկ ընդհանրապես ժողովրդի տնտեսական վիճակը շատ վատ է», -ասաց Ռեիսյանը:
Հարակից հրապարակումներ`
Հալեպում երեք շաբաթ է՝ խմելու ջուր չկա
Ամայի փողոցներ, կոտրված ապակիներ. «Շատ ցավալի է Հալեպի վիճակը» (լուսանկարներ)
Հրթիռակոծվել է Հալեպի հայաշատ Նոր Գյուղ թաղամասը. «Գանձասար»