Տնօրեն. Բռնկված հրդեհը չի վնասել մեր այգու արժեքավոր ծատառեսակները
ՀՀ ԳԱԱ Բուսաբանական այգում օրեր առաջ բռնկված ուժգին հրդեհի արդյունքում մոտ 15 հեկտարի վրա ոչնչացվել են թփեր, որևէ արժեքավոր ծառատեսակ չի վնասվել: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Բուսաբանական այգու տնօրեն Ժիրայր Վարդանյանը:
«Հրդեհ բռնկված տարածքում ծառեր չկան, հիմնականում խոտեր են, թփեր: Այգու 80 հեկտար տարածքից վնասվել է 15 հեկտարը: Դա չի ազդում մեր այգու արժեքի, հեղինակության վրա»,-նշեց նա:
Ժ. Վարդանյանի խոսքով, աշնանն այդ հատվածում կարելի է ծառատունկ անել. «Հիմա որևէ բան չի լինել անել: Պետք է շարունակենք ուշի-ուշով հետևել, որ հանկարծ կրկին հրդեհ չբռնկվի: Նրանք, ովքեր ուզում են մեզ օգնել, աշնանը կարող են մասնակցել ծառատունկին»:
Ինչ վերաբերում է հրդեհի բռնկման պատճառներին, Վարդանյանն ասաց, որ այժմ Հանրապետության տարածքում հրդեհավտանգ իրավիճակ է. «Այս օրերին ցանկացած տեղ հրդեհ է բռնկվում: Չեմ բացառվում նաև, որ որևէ մեկն արած լինի, բայց կոնկրետ որևէ մեկին չենք կասկածում»:
Այգու տնօրենը նշեց, որ այսօր Բուսաբանական այգին լավ վերաբերմունքի կարիք ունի. «Մենք աղմուկ ենք բարձրացրել Գիտությունների ազգային ակադեմիայով, կառավարությունով, փորձում ենք ավելի լավ վերաբերմունքի արժանացնել մեր եզակի այգին»:
Նշենք, որ ստեղծվել է «Միասին վերականգնենք Երևանի բուսաբանական այգին» ֆեյսբուքյան նախաձեռնություն: Նախաձեռնության անդամները ցանկանում են աջակցել բուսաբանական այգու վերականգնման հարցում. «Մենք պետք է հնարավորինս հետամուտ լինենք, որպեսզի տարածքը վերականգնվի և շարունակի ծառայել որպես բուսաբանական այգի»: Նրանք օգոստոսի 1-ին հանդիպելու են Մաշտոցի պուրակում:
Երևանի կիսաանապատային գոտում գտնվող Բուսաբանական այգին ինքնատիպ ազգային արժեք ներկայացնող գիտական, էկոկրթական հաստատություն է, որը ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի գիտական գործունեության շրջանակներում իրականացնում է բույսերի կենսաբազմազանության ցուցադրական գիտական հավաքածուների ստեղծումը, ուսումնասիրությունն ու պահպանությունը: Երևանի Բուսաբանական այգին ստեղծվել է 1935թ. 80 հա տարածքով, իր գոյության 80-ամյա պատմության ընթացքում զբաղվում է Երկրագնդի տարբեր բուսա-աշխարհագրական տարածաշրջաններից, առաջին հերթին Հայաստանի ֆլորայի արժեքավոր և հազվագյուտ բուսատեսակների ներմուծմամբ, դրանց ցուցադրական գիտական հավաքածուների ստեղծմամբ: Այգին իր գիտական գործունեությամբ, բուսական հավաքածուների կազմով ու բնույթով, գիտական կապերով ունի միջազգային մեծ ճանաչում և համարվում է տարածաշրջանի առաջատար գիտական հաստատություններից մեկը:
Կենդանի բույսերի հավաքածուն ընդգրկում է մինչև 1000 տեսակ, որը կազմում է Հայաստանի ֆլորիստիկ ֆոնդի մոտ 1/3-ը: Հողամասի էքսպոզիցիայում ներկայացված են մի շարք հազվագյուտ և անհետացող բուսատեսակներ (թվով մոտ 90 տեսակ ընդգրկված «Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում»), բուսաբանա-աշխարհագրական տեսանկյունից հետաքրքիր տեսակներ, ինչպես նաև վայրի դեղատու, տնտեսա-արդյունաբերական արժեք ունեցող, դեկորատիվ և բազմաթիվ այլ տեսակներ: Հողամասում, որի տարածքը կազմում մոտ 4 հա, ստեղծված է Հայաստանի բուսական համակեցությունների թվով 16 մոդելներ (արհեստական ցենոզներ), որոնց մեջ կան նաև այն խմբավորումները, որոնք բնության մեջ գտնվում են անհետացման եզրին (ավազուտներ, աղուտներ, համմադա, շիբլյակ, ջրա-ճահճային ցենոզներ և այլն):