Պարզվում է` կարելի է խնայել բերանները
Տարվա ամեն այս եղանակին սոցցանցերը սկսում են կրկին պտտել «մեմ» դարձած վերնագիրը` «հայտնաբերվել է օձ»: Թեպետ` այնքան էլ կատակի թեմա չէ, երբ ասենք բնակարանում է օձը հայտնվում: Դեռ լավ է, որ ժամանակին հայտնաբերվում է: Առիթի դեպքում հայերս սիրում ենք գլուխ գովել` մեր գյուրզան գիտե՞ք ինչ թունավոր է, ինչքան օձեր կան Հայաստանում… Իսկ այնպես` ոչինչ ձեռքի տակ չենք պահում, որ օձի հանդիպելիս էլի ինչ-որ բան ունենանք ինքներս մեզ օգնելու, բացի` «չշարժվել, ուղիղ աչքերին նայել»:
Այսօր առողջապահության նախարարության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը ասուլիսում մասնագիտական խորհուրդներ է տվել՝ երբ օձը կծում է, «նույն րոպեին բերանով արտածծել վերքից, բերանի խոռոչով թույնը չի տարածվում, չի ազդում»:
Մասնավոր հեռախոսազրույցում թունաբանը պնդեց իր ասածը, թեպետ մենք ուզում էինք ստանալ այլ պատասխան` «զգույշ եղեք, եթե բերանում վերք կա, խոռոչներ կան, անվտանգ չէ նման եղանակը»: Նման մի բան:
Ինչևէ` հերիք է մի անգամ գուգլել ու կարելի է «հայտնաբերել», որ օձի խայթի դեպքում առաջին օգնության համար կան վակումային պարզունակ, պոմպանման սարքեր, որոնց օգտագործմամբ, առանց ավելորդ վտանգի ենթարկվելու, հեշտությամբ կարելի է թույնը դուրս բերել վերքից:
Ինչու օձառատ Հայաստանում դրանցից չի վաճառվում: Այս հարցով Panorama.am-ը դիմեց ՀՀ առողջապահության նախարարություն:
Պարզվեց, նախարարությունը չի կարող պատվիրել, քանի որ նման գործառույթ չունի` պատվիրում են միայն դեղեր, այն էլ որոշակի խմբերի, հիվանդությունների համար: ԱՆ-ից հայտնեցին նաև, որ պահանջարկ լինելու դեպքում ազատ շուկայական հարաբերություններ են, ներկրողները կարող են ազատորեն բերել ու վաճառել:
Բայց որտեղից ձևավորվի պահանջարկ, եթե թունաբանը չի պատմում վակումային սարքերի մասին, նույնիսկ չի բացատրում, որ կարելի է նման սարք ինքնաշեն էլ պատրաստել, և բերանով արտածծելու խորհուրդն է տալիս:
Կամ եթե օձերը կան ու ամեն ամառ դրանք հայտնաբերվում են էլ բնակարաններում, էլ քաղաքի փողոցներում,… պահանջարկը դրանից ավել ո՞նց է լինում:
Նախորդող հրապարակում`
Օձի թունավորված հատվածում պետք է բերանով արտածծել վերքից. Մասնագետ