Տարոն Մարգարյան. Պետք է հասնենք նրան, որ քաղաքացիներն աղբը թափեն սահմանված վայրերում
Աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի բացառման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ 74 վարչական արձանագրություն է կազմվել:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօրվա խորհրդակցության ժամանակ հայտարարել է, ոչ բավարար գնահատելով աշխատանքի արդյունքները, հանձնարարել է շարունակել այս ուղղությամբ իրականացվող քայլերը՝ աղբը միայն սահմանված վայրերում թափելու մշակույթը լիարժեք արմատավորելու համար:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, քաղաքապետը նշել է, այն վարչական շրջանները, որտեղ «Սանիթեք» ընկերությունն աղբահանություն է իրականացնում, այդ վարչական շրջանի ղեկավարները պետք է լինեն ավելի խիստ և սահմանեն ամենօրյա հսկողություն:
«Տվյալ ընկերության աղբահանության ծառայության մատուցումը բնավ չի նշանակում, որ վարչական շրջանի աշխատակազմն այլևս անելիք չունի: Ընդհակառակը՝ ավելի շատ անելիք և պատասխանատվություն ունեք, ընդ որում, ոչ միայն ընկերության աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ու իրականացմանը հետևելու մասով, այլև հատկապես աղբը ոչ սահմանված վայրերում թափելու հետ կապված: Պետք է հասնենք նրան, որ քաղաքացիներն աղբը թափեն սահմանված վայրերում, այլ ոչ թե որտեղ պատահի: Այս հարցում եղեք շատ խիստ և առանց բացառության վարչական տույժերի ենթարկեք բոլոր այն քաղաքացիներին ու կազմակերպություններին, որոնք ոչ սահմանված վայրերում աղբ են թափում: Սա վարչական շրջանների համապատասխան ծառայությունների պարտականությունն է ու խստորեն պետք է հետևել դրա լիարժեք կատարմանը»,- ընգծել է քաղաքապետը:
Նախորդող հրապարակում՝
Քաղաքապետը տեսել է. Մալաթիա-Սեբաստիան կորած էր աղբի մեջ