Եթե նախագիծ ներկայացնեն, գուցե ավելի հանգիստ լինենք. Մկրտիչ Մինասյանը` Համալիրի մասին
«Դեռևս նախագիծ ներկայացված չէ: Անհասկանալի է, թե որտեղ են այդ հսկայական կառույցները լինելու, քանի որ ինչքան նայում ենք այդ տարածքը՝ Եղեռնի հուշահամալիր, Մարզահամերգային համալիր, անտառաշերտ, որը պաշտպանիչ գոտի է, ազատ տարածք չկա: Այդ հատվածում հյուրանոց, ռեստորան և այլ շինություններ կառուցելն իրատեսակ չէ, հարիր չէ: Եթե հստակ տեղը ցույց տան, գուցե ավելի հանգիստ լինենք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը՝ խոսելով Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքի ու ներկայացված ծրագրի մասին:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ ՊՆ-ին պատկանող Մարզահամերգային համալիրը 30 մլն դոլարով վաճառվել է «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:Նախատեսվում է վերանորոգել համալիրի շենքը, իրականացնել կառուցապատում և ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն: Ծրագրով ընդհանուր ներդրումները գերազանցելու են 100 մլն ԱՄՆ դոլարը:
Մ. Մինասյանի խոսքով, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, Մարզահամերգային համալիրն անձեռնմխելի գոտիներ են, մեր ազգային արժեքներից են. «Չեմ պատկերցնում, թե ինչ հեռավարության վրա կարելի է դնել այդ շենքերը»:
Ասուլիսին ներկա «Հայնախագծի» տնօրեն, համալիրի համահեղինակ Գրիգոր Ազիզյանի կարծիքով, հապճեպ ընդունված որոշում է: Ըստ նրա, համալիրի ներսում ամեն ինչ կա՝ դահլիճներ, ռեստորաններ, որոնք պարզապես չեն աշխատում:
«Ներսում լուրջ բաներ կարելի է կազմակերպել: Խոսքը գնում է ճիշտ կառավարման մասին»,- նշեց նա:
Գ. Ազիզյանի խոսքով, այդ տարածքում արդեն երեք ռեստորան գործում է. «Ոչ մի բան իրավունք չունեն այդ հատվածում կառուցել, որը կխաթարի Եղեռնի հումաշահամալիրի ընկալումը»:
Մասնագետների խոսքով, ամբողջ աշխարհում ընդունված է, որ մշակութային հուշարձանները տրվում են մասնավոր
ընկերություններին, սակայն նման դեպքում դրանք պետք է շարունակվեն գտնվել մշակույթի նախարարության հսկողության տակ:
«Եթե հանձնվում է մեկին, պետք է վստահ լինել, որ սեփականատերն ըստ իր ցանկությունների չի սկսկի շենքի հետ վարվել:
Աշխարհում կան ընդունված նորմեր, որևէ կամայականություն չի կարելի թույլ տալ հուշարձանի դեպքում: Մեզ մոտ տրվում է սեփականատիրոջ, մի քանի տարի շահագործելուց հետո պարզվում է, որ շենքը փլուզման վտանգի առաջ է, անհարմար է, հիմնական փոփոխությունների կարիք կա: Հենց սկզբից պետք է պայմանագիրն այնպես ստորագրել, որ որևէ փոփոխություն չթույլատրվի, հստակ նշվի՝ ինչն է թույլատրելի, ինչն անթույլատրելի»,- ասաց Մ. Մինասյանը:
Գ. Ազիզյանն էլ նշեց, որ օրենքով ամեն ինչ նախատեսված է, պարզապես չեն շարժվում ըստ օրենքի. «Եթե չհասնենք նրան, որ օրենքը գերկա լինի սկսած մեզանից մինչև առաջին դեմքերը, ոչնչի չենք հասնի, անընդհատ կբախվենք խնդիրների»:
Նախորդող հրապարակումներ՝
Անահիտ Բախշյան. Համալիրի վաճառքի գործարքի տակ շատ մեծ շահ կա
Համալիրը վաճառելուց առաջ որևէ մեկը Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրենի կարծիքը չի հարցրել
Մարզահամերգային համալիրը վաճառվեց
Մարզահամերգային համալիրի վաճառքի շուրջ հարցերն ու մտահոգություններն ավելանում են
Նորից կվերածեն ինչ-որ անճոռնի մի կառույցի. Կորյուն Գրիգորյանը ՄՀՀ-ի մասին