«Սանիթեք»-ն աղբահանություն կիրականացնի նաև մյուս 6 վարչական շրջաններում
Երևանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Սանիթեք» ընկերությունը մայրաքաղաքում տվել է 2-րդ չափաբաժնի (լոտ) մեկնարկը: Նոր մեքենասարքավորումները Շահումյան հրապարակում նախ ներկայացվել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Երկրորդ չափաբաժինը ներառում է մայրաքաղաքի Արաբկիր, Ավան, Նոր Նորք, Էրեբունի, Նուբարաշեն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Տ. Մարգարյանն ասել է, որընկերությունը 2-րդ լոտով նախատեսված աշխատանքների իրականացման համար ևս ներկրել է նոր, եվրոպական չափորոշիչներին համապատասխան մեքենամեխանիզմներ, ընդ որում, մինչև տարեվերջ ևս 20 մեքենամեխանիզմ էլ նախատեսում է ներկրել, այդ թվում նաև՝ ձնամաքրման համար անհրաժեշտ տեխնիկա:
«Մինչ այս պահը ընկերությունը կատարել է 15 մլն եվրոյի ներդրում ու մինչև տարեվերջ նախատեսում է ներդրման ծավալը հասցնել շուրջ 20 մլն եվրոյի: Մինչև տարեվերջ ընկերությունը կկրկնապատկի նաև աշխատատեղերի քանակը՝ հասցնելով այն շուրջ 1100-ի»,-ընդգծել է քաղաքապետը:
Ավելի մաքուր մայրաքաղաք ունենալու հարցում կարևորելով նաև բնակիչների վերաբերմունքը՝ Տարոն Մարգարյանը հորդորել է մաքուր պահել մայրաքաղաքն ու իսկական տանտիրոջ պես վերաբերվել Երևանին:
«Սանիթեք» ընկերության հիմնադիր-տնօրեն Նիկոլաս Թավիլը նշել է, որ այս ամիսների ընթացքում 80%-ի չափով ինչ հասույթ ստացել են, կրկին ներդրել են գործի մեջ:
«Մեր աշխատակիցների միջին աշխատավարձը 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է: Բացի այդ, նրանք բոլորը ապահովագրված են և նրանց համար նույնպես ապահովված են աշխատանքային հարմարավետ պայմաններ»,-ասել է նա:
Նրա տվյալներով, ներկայումս արդեն իսկ ներկրված է 62 միավոր հատուկ մեքենասարքավորում: Ընկերության կողմից մինչ օրս մայրաքաղաք է ներկրվել գերմանական արտադրության 5.000 աղբաման. համաձայն պայմանագրի՝ աղբամանների ընդհանուր քանակը, ներառյալ պահուստայինը, կլինի 16.000:
Նախորդող լուրեր՝
Տարոն Մարգարյան. Պետք է հասնենք նրան, որ քաղաքացիներն աղբը թափեն սահմանված վայրերում
Քաղաքապետը տեսել է. Մալաթիա-Սեբաստիան կորած էր աղբի մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան