Եթե Հայաստանը լրացուցիչ ջրային ռեսուրսներ ունենար, կարելի էր օգնել Ուրմիային. իրանագետ (Տեսանյութ)
Հարևան երկրներից Իրանն առաջինն է, որ կոնկրետ ծրագրի հետ կապված փաստաթուղթ է ստորագրում, կամք ու ցանկություն է դրսևորում՝ Հայաստանի հետ համագործակցելու: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Իրանի հետ համագործակցության համատեքստում նա առանձնացրեց հայ-իրանական երկաթուղու կառուցման ծրագիրը, որն, ըստ նրա, ունի ռազմավարական, հոգեբանական, ինչ-որ տեղ նաև աշխարհայացքային նշանակություն:
«Իրանը առայժմ պատժամիջոցներից դուրս չի եկել: Եթե կատարի բոլոր պահանջները, հավանաբար, 2016-ին դուրս կգա մասնակի, իսկ ամբողջապես կազատվի դրանցից տասը տարի հետո»,-ասաց Ոսկանյանը:
Անդրադառնալով Ուրմիա լճի վերակենդանացման համար Սևանից ջուր վերցնելու խոսակցություններին՝ իրանագետն ընդգծեց, որ արդեն բնապահպանության նախարարությունը հերքել է դրանք. «Սևանն ինքը լրացուցիչ ջրի կարիք ունի: Սակայն մեզ ու մեր բնապահպանության համար կարևոր է Ուրմիա լիճը, և եթե Հայաստանը լրացուցիչ ջրային ռեսուրսներ ունենար, անշուշտ, կարելի էր օժանդակել Իրանին»:
Խոսելով Իրան-Ադրբեջան հարաբերություններից՝ իրանագետը նշեց, որ կան որոշակի շահերի համընկումներ, սակայն վստահության պակաս կա նրանց հարաբերություններում. «Իրան-Ադրբեջան սահմանը գտնվում է ոչ պատերազմական իրավիճակում, կրակոցներ են հնչում»:
Իրան-Հայաստան հարաբերությունների մասին առավել մանրամասն` տեսանյութում:
Թեմայի շուրջ`
Մասուդ Թաջրիշի. Իրանը Սևանա լճից ջուր տեղափոխելու ծրագիր չունի