«Էյր Արմենիա»-ի սեփականատիրոջ բաց նամակը
«Էյր Արմենիա» ՓԲԸ տնօրեն Արսեն Ավետիսյանը բաց նամակ է հղել, որտեղ հայտնում է, որ դուրս է գրվում հիվանդանոցից և շուտով կտա հասարակությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները:
Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ.
«Իմ շնորհակալությունն ու երախտագիտությունն եմ ցանկանում հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր իմ կողքին էին, սատարում էին ինձ ու իմ ընտանիքի անդամներին վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում:
Ձեր աջակցությունը, արձագանքներն ու վերաբերմունքը հուսադրում, ուժ ու կորով էին հաղորդում իմ ընտանիքին՝ մենք տեսանք, հասկացանք ու զգացինք, որ մեր ընտանիքի` «Էյր Արմենիա» ընկերության կողքին է ողջ Հայաստան աշխարն ու հայ ժողովուրդը: Այս ամենը մեզ հավատ ու ուժ տվեց հաղթահարելու ստեղծված իրավիճակը և խնդրի լուծմանը հասնելու օրինական ճանապարհով:
Առանձնահատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ՀՀ իշխանություններին, իրավապահ մարմիններին, ԶԼՄ-ներին կնոջս և եղբորս ահազանգին արագ արձագանքելու և նպատակային միջոցառումների իրականացման համար:
Հարգելի հայրենակիցներ, հիշյալ իրադարձությունների արդյունքում կրկնակի ծանր կացության մեջ է հայտնվել իմ ղեկավարած «Էյր Արմենիա» ավիաընկերությունը: Այս կարճ ժամանակահատվածում մենք բախվեցինք վերջին ամիսների ընթացքում քայլ առ քայլ հասած հաջողությունները կորցնելու վտանգին: Իմ հիմնական գործընկեր և «Էյր Արմենիա» ավիաընկերության 49 տոկոսի սեփականատեր «East Prospect Fund» hիմնադրամի ներկայացուցիչները երեկ հայտարարություն էին տարածել՝ հորդորելով գտնել խնդրի լուծման օրինական ճանապարհը և լուծել ստեղծված խնդիրները, նաև տեսակետ հայտնել, որ նմանատիպ դեպքերը կարող են բացասական անրադառնալ կազմակերպության ներդրումային քաղաքականության իրականացման և բարեփոխումների վրա:
Ներկայումս իրականացված ներդրումներից ուղղակիորեն կախված է ոչ միայն «Էյր Արմենիա» ավիաընկերության վերագործարկումը, այլ նաև շուրջ 250 աշխատակիցների աշխատավարձերի վճարումը, ինչպես նաև մեր գործընկերների հանդեպ պարտավորությունների կատարումը:
Իմ գործընկերները ինձ հորդորում են պահպանել հավասարակշռություն և ողջախոհություն, ընդունել հաշտության նպատակով ինձ մեկնված ձեռքը, կատարել կշռադատված քայլեր և որոշումներ կայացնելիս հաշվի առնել «Էյր Արմենիա» ավիաընկերության ապագային վերաբերվող յուրաքանչյուր կետ: Ես գիտակցում եմ իմ կողմից կայացրած որոշումների կարևորությունը և պատասխանատվություն կրում դրանց համար, հետևաբար հաշտության առաջարկ ընդունելը, «Էյր Արմենիա» ավիաընկերության ապագայի մասին հոգ տանելը, կազմակերպության խնդիրների լուծմանն ուղղված իմ գործընկերների ջանքերը, վերջին շրջանում բազմաթիվ փորձություններ հաղթահարած իմ ընտանիքի անդամների ակնկալիքներն ինձ համար ընդունելի է դառնում միայն հաշտ ու առողջ միջավայրում փոխադարձ վստահությամբ աշխատելու և արարելու տարբերակը: Ես այսօր դուրս եմ գրվում հիվանդանոցից՝ շնորհակալության հայտնելով նաև ինձ հոգատարությամբ շրջապատած բժշկական անձնակազմին, և հավաստիացնում, որ տնային պայմաններում բուժումս ավարտելուց հետո կարճ ժամանակում կանցնեմ աշխատանքի և կտամ հասարակությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Air Armenia-ի սեփականատեր Արսեն Ավետիսյանը օգոստոսի 15-ին երեկոյան ծեծի էր ենթարկվել, ինչի հետևանքով ստացել էր քթի ոսկրի կոտրվածք` թեթև տեղաշարժով և ազդրի թիակի թեթև սալջարդ: Գլխավոր դատախազությունը ոստիկանությունից պահանջել և ստացել էր ծեծի կապակցությամբ նախապատրաստված նյութերը և դրանք ուղարկել Հայաստանի քննչական կոմիտե:ՔԿ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը նյութերն ընդունել է վարույթ, կատարվել է դեպքի վայրի լրացուցիչ զննություն։
ՔԿ-ից տեղեկացրել էին, որ գրություն է ուղարկվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր՝ պահանջելով տրամադրել Ա.Ավետիսյանի հիվանդության պատմագիրը և բժշկական հետազոտության արդյունքները (այդպիսիք ունենալու դեպքում)՝ դատաբժշկական փորձագետներին ներկայացնելու համար։ Ըստ աղբյուրի, ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախորդող հրապարակումներ՝
Վերջին իրադարձությունները կարող են վտանգել «Էյր Արմենիա»-ի ներդրումային ծրագրերը. Հայտարարություն
Air Armenia-ի սեփականատիրոջը ծեծելու դեպքի մասին նյութերը դատախազությունն ուղարկել է քննչական կոմիտե
«Էյր Արմենիա»-ի սեփականատիրոջը ծեծի ենթարկելու փաստով հետաքննություն է կատարվում
«Էյր Արմենիա»-ի սեփականատերը քթի կոտրվածք է ստացել
Air Armenia-ի սեփականատիրոջը ծեծելու հարցը պետք է լուծվի իրավական դաշտում. Հովիկ Աբրահամյան
Air Armenia-ի սեփականատիրոջը ծեծի ենթարկելու դեպքի վայրի լրացուցիչ զննություն է կատարվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան