Սիսի կաթողիկոսարանում հնչել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պահանջատիրական ձայնը
«Հայի քրտինքով ու արյունով թրծված կիլիկյան հողի ու հատկապես Սիսի պատմական կաթողիկոսարանի մեռոնաբույր հողի վրա կանգնած՝ պահանջում ենք մեր դարավոր կաթողիկոսարանի վերադարձն ու վերահաստատում մեր ժողովրդի պահանջատիրությունը՝ հավատարիմ նահատակների սրբազան կտակին»։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին Կաթողիկոսի խոր հավատքի, ամուր կամքի ու զորեղ հանձնառությունն արտահայտող այս բառերը հնչել են Սիսի պատմական կաթողիկոսարանում՝ հայ ժողովրդին ուղղված Հայրապետական պատգամի միջոցով։ Այս մասին տեղեկանում ենք Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքից:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հանձնարարությամբ կաթողիկոսության միաբանությունը ներկայացնող պատվիրակությունն օգոստոսի 22-ին այցելել է Սիսի կաթողիկոսարան, որտեղ տեղի է ունեցել հոգեհանգիստ՝ 1293-ին Կիլիկիո կաթողիկոսարանը Սիսում հաստատելուց հետո մինչև 1915 թվականը Սիսում գահակալած երջանկահիշատակ հայրապետների հոգիների համար։
Այնուհետև կարդացվել է Արամ Առաջինի պատգամը. 100 տարի հետո Սիսի կաթողիկոսարանի փլատակներում առաջին անգամ հնչել է Հայրապետական պատգամ` ուղղված հայ ժողովրդին: Իր Հայրապետական պատգամում Նորին Սրբությունը անդրադարձել է Հայոց ցեղասպանությանն ու այդ պայմաններում Սահակ Կաթողիկոսի աքսորին, հիշել իր ժողովրդի իրավունքները պահանջող ծերունազարդ Հայրապետի արի կեցվածքը, մարգարեական կանխատեսումը՝ ամբողջական և անկախ Հայաստանի մասին։ Արամ Առաջինը վերահաստատել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հանձնառությունը որպես Սիսի կաթողիկոսարանի և հայ ժողովրդի արդար իրավունքների պահանջատեր:
Նշենք, որ ապրիլի 28-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը հայց է ներկայացրել Թուրքիայի սահմանադրական դատարան՝ պահանջելով Սիսի իր պատմական Կաթողիկոսարանի վերադարձը: Որոշվել է, որ հայցի մերժվելու դեպքում Կիլիկիո կաթողիկոսարանը նույն խնդրով դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Կիլիկիո Կաթողիկոսարանը, որը գտնվում է պատմական Կիլիկյան թագավորության մայրաքաղաք Սիսում, թուրքական կառավարությունը առգրավել էր Հայոց եղասպանությունից հետո: 1921 թվականին Օսմանյան կառավարությունը երկու օր ժամանակ է տվել Սահակ Բ. Խաբայան Կաթողիկոսին` Կաթողիկոսարանից վերջնականապես հեռանալու համար: Սահակ կաթողիկոսը, վերցնելով կրոնական և մշակութային թանկագին գանձեր (ձեռագիր, հնատիպ, ծիսական սպասք, մյուռոնի կաթսան), իր փոքրաթիվ միաբանության հետ բռնել է գաղթի ճամփան: Վեհափառը հաջորդաբար հաստատվել է Երուսաղեմում, Հալեպում, Դամասկոսում, Կիպրոսում և 1930-ին` Անթիլիասում։
Լուսանկարները ներկայացնում են Սիսի Կաթողիկոսարանը, Սիսի բերդը և Սիս քաղաքը։
Նախորդող հրապարակումներ՝
Արամ Առաջին. Մեր նպատակն է Սիսի կաթողիկոսարանում կրոնական արարողություն կատարել
Հայոց եկեղեցին `ընդդեմ Թուրքիայի
Արամ Ա-ի հարցազրույցը New York Times-ին. Սիսի կաթողիկոսարանի պահանջը առաջին իրավական քայլն է
Արամ Ա-ն հետևում է Թուրքիայի դատարանում կաթողիկոսարանի վերադարձի հարցով բացված դատին
Արամ Առաջին. Եթե լուրջ քայլի չդիմենք, շուտով 100-րդ տարելիցը կկորցնի իր իմաստը, պատգամն ու մարտահրավերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան