Զաքարյան. Քոբանիից Թուրքիա հասած հայ ընտանիքները Երևանում կլինեն վաղը
Վաղը Ստամբուլից Երևան կժամանեն Քոբանիից փախած երկու հայ ընտանիքները: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:
Նախապես տեղեկացրել էինք, որ Քոբանիից Թուրքիա է հասել 12 հոգուց բաղկացած երեք հայ ընտանիք: Նրանցից մեկը հրաժարվել է Հայաստան տեղափոխվել:
Նախարարության պաշտոնյան ասաց, որ ընտանիքի որոշման պատճառների մասին հստակ տեղեկություններ չունի՝ «միգուցե փաստաթղթերի ձևակերպման պատճառով է եղել»:
Ազգակից երկու ընտանիքի 8 անդամի «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ն երկու շաբաթ կապահովի բնակարանով: Երկու շաբաթվա ընթացքում կընտրվի երկու իրար մոտ բնակարան, հետո կլուծվի նաև բնակարանների վարձի խնդիրը:
Ֆ. Զաքարյանի խոսքով, ընտանիքների երեխաների՝ ուսումնական հաստատություններ գնալու հարցերն էլ կարգավորված են:
Նշենք, որ ընտանիքները Թուրքիա են տեղափոխվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հարձակումների հետևանքով: