Վահագն Հովնանյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում
Հայ մեծ բարերար, հասարակական գործիչ և գործարար Վահագն Հովնանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին՝ ժամը 17։00-ին, Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:
Մեծ բարերարը կյանքից հեռացավ օգոստոսի 31-ին, 83 տարեկան հասակում:
Հովնանյանի գրասենյակից տեղեկացնում են, որ վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ից 14։00-ը Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը (Իսահակյան 1):
Վահագն Հովնանյանի կենսագրությունը
Վահագն Ստեփանի Հովնանյանը ծնվել է 1932 թվականին՝ Իրաքի Քիրքուք քաղաքում: 1952թ-ին ավարտել է Բաղդադի Քոլեջը և ներգաղթել Միացյալ Նահանգներ` ուսանելու Ֆիլադելֆիայի Սբ. Ջոզեֆի Համալսարանում, որն ավարտել է 1956թ-ին՝ ստանալով ֆիզիկոսի բակալավրի աստիճան:
Իր գործունեության ավելի քան 5 տասնամյակների ընթացքում նրա ղեկավարած ընկերությունները ԱՄՆ-ում կառուցել են ավելի քան 5000 տներ և բազմաթիվ առևտրային տարածքներ: Վահագն Հովնանյանի՝ հայությանն իր նվիրվածության վառ ապացույցն են աշխատանքային հարուստ կենսագրության ընթացքում ստացված բազմաթիվ պարգևները:
Հավատարիմ մնալով իր որդեգրած արժեքներին, պրն. Հովնանյանը 1988թ. երկրաշարժից հետո միջոցներ է հանգանակել Սպիտակի աղետի գոտում նոր դպրոց կառուցելու համար: 1992-ից Հովնանյան ամուսինները եղել են Երևանի Նորքի զանգվածի Անանիա Շիրակացի ճեմարանի գլխավոր բարեգործները:
Տեր և Տիկին Հովնանյանների ամենամեծ նվաճումներից է 1976թ-ին Նյու Ջերսիի Նյու Միլֆորդ քաղաքում հայկական դպրոցի հիմնումը: 1984թ-ին նրանց պատվին այն վերանվանվեց Հովնանյան դպրոց: Դպրոցի տասներորդ տարեդարձի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 1-ին Վահագն Հովնանյանին շնորհել է «Հայ Առաքելական Եկեղեցու Արքայազն» կոչումը:
Պրն. Հովնանյանը զբոսաշրջության զարգացումը Հայաստանի համար դիտարկում էր որպես գերակա շահ: 2001թ-ի մայիսին ՀՀ կառավարության համաձայնությամբ ստեղծվել է Հայկական Տուրիզմի Զարգացման Գործակալությունը (ՀՏԶԳ), որը ֆինանսավորվում էր Վահագն Հովնանյանի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Նշված ֆինանսական աջակցության և պրն. Հովնանյանի ջանքերի շնորհիվ Հայաստանն աշխարհին ներկայացվեց որպես տուրիստական կենտրոն:
Իր գործունեության ընթացքում պրն. Հովնանյանը նպաստել է բազմաթիվ մշակութային ծրագրերի իրականացմանը՝ սատարելով Հայաստանի մուտքն արվեստի միջազգային ասպարեզ: 2000թ-ի մայիսին պրն. Հովնանյանը հիմնել է «Սայաթ-Նովա» մրցանակաբաշխությունը` որպես հայ երգահաններին սատարող և հայկական երաժշտական ավանդույթները խթանող մրցույթ: 2002թ-ի հիմնադրել է «Վահագնի» մրցանակաբաշխությունը` որպես թատրոնի, գրականության, կինոյի և գեղարվեստի գործիչներին խրախուսելու և սատարելու ևս մեկ գործոն:
1998թ-ին Վահագն Հովնանյանը հիմնել է Հայաստանում իր տեսակի մեջ առաջին և միակ մասնավոր բնակելի համայնքը՝ Վահագնի թաղամասը՝ նպատակ ունենալով աշխարհի չորս կողմերում սփռված հայերին համախմբել հայրենիքում: Իր ողջ գործունեության ընթացքում հավատարիմ է մնացել իր առաքելությանը՝ իր պարտքը համարել նպաստել ավելի հզեր և բարեկեցիկ անկախ Հայաստանի կառուցմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին