Նախնական տվյալներով Բաղրամյան գյուղի դպրոցականները թունավորվել են նրբերշիկով կարկանդակից
Քիչ առաջ տեղեկատվություն ստացվեց, որ Արարատի մարզի Բաղրամյան գյուղի դպրոցի 5-րդ դասարանի 20 երեխա թունավորման նախանշաններով տեղափոխվել են Արտաշատի ԲԿ:
Բաղրամյանի համայնքի ղեկավար Սոսիկ Բենյամինյանը Panorama.am-ին ասաց, որ երեխաների թիվը հասել է 22-ի:
«Հիմա նրանց հետազոտում են: Երեխաները դպրոցի բուֆետից են օգտվել, նրբերշիկով կարկանդակ են կերել: Նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են այդ կարկանդակից»,- ասաց համայնքի ղեկավարը:
2014թ-ից գործում է ՀՀ առողջապահության նախարարի ստորագրած «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ»-ի վերաբերյալ կանոնակարգը:
Սննդային գործոնով պայմանավորված զանգվածային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման ու տարածման, ինչպես նաև զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով` ելնելով առողջ և ռացիոնալ սննդի սկզբունքից՝ ուսումնական հաստատություններում չի օգտագործվում ստորև նշված սննդամթերքը և չեն պատրաստվում նշված ճաշատեսակներն ու խոհարարական կերակրատեսակները`
1) ձու` անլվա կճեպով,
2) ջրլող թռչունների (բադի, սագի և այլն) միս, ձու,
3) բորբոսի և փչացման հատկանիշներով բանջարեղեն ու միրգ, կանաչած կարտոֆիլ,
4) տնային պայմաններում և ուսումնական հաստատության խոհանոցում պատրաստված պահածոներ,
5) նախորդ օրվա պատրաստած կերակրատեսակներ կամ օգտագործած կերակրատեսակների մնացորդներ,
6) կրեմային հրուշակեղեն` տորթեր, հրուշակներ և այլն,
7) դոնդողածածկ ճաշատեսակներ (մսի և ձկան), խաշ, տնային պայմաններում և ուսումնական հաստատության խոհանոցում պատրաստված մսատրորվածքներ (պաշտետներ),
8) ֆլյագայով կաթ՝ առանց ջերմային մշակման (եռացման),
9) տնային պայմաններում և ուսումնական հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաթթվային մթերք, թթված կաթ, այդ թվում նաև՝ կաթնաշոռի պատրաստման համար,
10) կաթնաշոռ` չպաստերիզացված կաթից, տնային պայմաններում և ուսումնական հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաշոռ,
11) մակարոն՝ աղացած մսով (ֆարշով)` «նավատորմային» և մակարոն կտրատած ձվով` առանց կրկնակի թերմիկ մշակման,
12) աչքով-ձվածեղ, թերխաշ և հում ձու,
13) սունկ և դրանից պատրաստված կերակրատեսակներ, սնկի արգանակ,
14) տարբեր սննդային խտանյութեր, այդ թվում՝ արգանակներ, և դրանց հիմքի վրա պատրաստված կերակրատեսակներ,
15) հում ապխտած մսից պատրաստված ուտեստներ (բաստուրմա, սուջուխ և նմանատիպ այլ արտադրանք),
16) արյունային, լիվերային, ապխտած, կիսաապխտած, հում ապխտած երշիկեղեն,
17) տապակած կերակրատեսակներ, այդ թվում՝ ֆրիտյուրի մեջ (ճարպով, յուղով)` կարկանդակներ, փքաբլիթներ, կարտոֆիլ, մսով կամ կաթնաշոռով պատրաստված բարակաբլիթներ (բլինչիկներ), չիպս և այլն,
18) մարգարին, խոհարարական և տրանսճարպեր,
19) քացախ, մանանեխ, ծովաբողկ գյուղական (սովորական), կծու պղպեղ (կարմիր, սև) և այլ կծու համեմունքներ,
20) կծու սոուսներ, կետչուպներ, մայոնեզ,
21) սուրճ բնական, ինչպես նաև կոֆեին պարունակող ըմպելիքներ, էներգետիկ ըմպելիքներ, ալկոհոլային խմիչքներ, այլ խթանիչներ,
22) օրգանիզմի տոնուսը բարձրացնող և հյուսվածքների աճի վրա ազդող կենսաբանական ակտիվ հավելումներ (ԿԱՀ), նաև դրանց օգտագործմամբ արտադրանք և հյութեր,
23) գազավորված ըմպելիքներ,
24) պիստակ, նուշ, գետնանուշ, ծիրանի կորիզի միջուկ, և այլն,
25) շաքարների և աղի բարձր պարունակությամբ սննդամթերք, առանց մրգային միջուկի կարամել,
26) բուսական ճարպերի հիմքով պատրաստված կաթնամթերք,
27) պաղպաղակ:
Նախորդող հրապարակումներ՝
Բաղրամյան գյուղում 20 երեխա թունավորման նախանշաններով տեղափոխվել է հիվանդանոց
Դպրոցներում վաճառում են արգելված սնունդ՝ չիփսեր ու գազավորված ըմպելիք