Սերժ Սարգսյան. Չեմ կասկածում, որ բոլոր նվիրյալների ժամանակն էլ գալու է
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, սպորտի, արվեստի և մշակույթի մի խումբ գործիչներ, առողջապահության, տնտեսության, բանակի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են պատվավոր, ինչպես նաև այլ բարձրագույն կոչումներ ու դասային աստիճաններ:
Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած հիշյալ անձանց Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ հանձնել է պարգևները: Հանրապետության Նախագահը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին տոնի և պետական բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Անկախության տոնի առթիվ պարգևատրման արարողության ժամանակ
Սիրելի՛ բարեկամներ,
Սրտանց ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում: Հաճույքով շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձի և մեր երկրի բարձր կոչումներին ու պարգևներին արժանանալու կապակցությամբ:
Պետական պարգևներ հանձնելու արարողությունները սովորաբար տեղի են ունենում կարևոր տոների կապակցությամբ: Անկախության տոնը նվիրական է և լուսավոր այնպես, ինչպես անկախության սերունդն է, որին փոխանցելու եք ձեր ասպարեզներում նվաճած բարձունքները:
Մենք բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ անխախտ առաջընթացի համար անհրաժեշտ է ճանաչել, գնահատել և խրախուսել արժանավորներին: Մեր պետության հիմքում պետք է ամրապնդենք արդարության սկզբունքը, որպեսզի ի վիճակի լինենք լավն ու բարին տարանջատել վատից ու չարից:
Այստեղ ներկա են մեր երկրի ու հասարակության արժանավոր շատ զավակներ: Այս պարգևները ձեր ազնիվ, արգասաբեր աշխատանքի և ծառայության համար մեր ժողովրդի երախտագիտությունն արտահայտելու լոկ խորհրդանշական միջոց են: Չեմ կասկածում, որ բոլոր նվիրյալների ժամանակն էլ գալու է, և պարգևները գտնելու են մյուս արժանավորներին:
Սիրելի՛ բարեկամներ,
Մենք երախտապարտ ենք տարբեր ոլորտների այն ներկայացուցիչներին, ովքեր իրենց աշխատանքով, հետևողականությամբ, ստեղծագործական անսպառ եռանդով և ապագայի նկատմամբ հավատով առաջ են մղում մեր հասարակությունն ու երկիրը:
Այստեղ առկա ջերմությունը պետք է նոր լիցքեր հաղորդի բոլորիս, որպեսզի նոր ուժով լծվենք աշխատանքի: Այդ լիցքերը մենք պարտավոր ենք ոչ միայն կրել, այլև փոխանցել մեր ընտանիքներին, հարազատներին և բարեկամներին, որպեսզի դրանով տոգորվի մեր ողջ հասարակությունը:
Կրկին շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին ու կոչումներին արժանանալու առթիվ: Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին քաջառողջություն, երջանկություն, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:
Շնորհակալություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան