ԿԸՀ նախագահը չպատասխանեց սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հարցին
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ձեռնպահ մնաց պատասխանել այն հարցին, թե հայ ժողովուրդն ինչպիսի փոփոխություններ կզգա սահմանադրական բարեփոխումներից հետո:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այն մարմինն է, որը կազմակերպում և անցկացնում է նաև հանրաքվեները: Ընտրական օրենսգրքի պահանջների համաձայն, Հանձնաժողովը պետք է դրսևորի քաղաքական զսպվածություն: Այդ իսկ պատճառով ձեռնպահ կմնամ այդ կապակցությամբ որևէ նկատառում ներկայացնելուց»,-Panorama.am-ին ասաց Տ. Մուկուչյանը:
ԿԸՀ նախագահը մասնակցում էր Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ նախագահի հրավիրած տոնական ընդունելությանը:
Խոսելով անկախության կարևորության մասին, Տ. Մուկուչյանն ասաց. «Միանշանակ, սա թերևս ամենակարևոր տոներից մեկն է, լուսավոր տոն, որ յուրաքանչյուր ժողովրդի համար ընկալվում է բաղձալի երազանք: Մեր երազանքն իրականություն է դարձել: Միայն խաղաղությունն է, որ ի զորու է կյանքի կոչելու նորանոր արարումներ»:
Նախորդող հրապարակումներ՝
ՌԴ դեսպան. Հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղ երկինք
Մ. Հակոբյան. Սահմանին վիճակը համեմատաբար հանգիստ է
ՀՀ նախագահ. Մեր միասնության ամենաքաղցր պտուղը, անկասկած, անկախության մերօրյա հպարտ ու գեղեցիկ սերունդն է
Արմեն Սարգսյան. Սիրում եմ իմ անկախ երկիրը