Քաղաքապետարանը տուն կնվիրի Համով Զառային
Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերի 8-ին արտահերթ նիստ է գումարելու: Այլ հարցերի թվում նիստի օրակարգում ընդգրկված է մի քանի քաղաքացիների բնակարան նվիրելու հարցը:
Քաղաքապետարանի պոշտոնական կայքէջում տեղադրված որոշումների նախագծերից Panorama.am-ը տեղեկացավ, որ նվեր բնակարաններից մեկը ստանալու է Զառա Արամյանը, ով հասարակությանն առավել հայտնի է Համով Զառա անունով: Տուն 90.8 քմ մակերես ունի, գտնվում է Մարգարյան փողոցի 45 շենքում:
Թե ինչու են Զ. Արամյանն արժանանաում նման թանկարժեք նվերի, քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշման նախագծում հիմնավորումն այսպիսին է.
«Զառա Արամյանը ապրում և ստեղծագործում է Երևանում, բնակվում է ամուսնու, երկու տարասեռ երեխաների, ամուսնու ծնողների, ամուսնու եղբոր, վերջինիս կնոջ և երկու երեխաների հետ համատեղ և հանդիսանում է բնակարանային պայմանների խիստ կարիքավոր։ Հաշվի առնելով բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությունը, ստեղծագործելու համար պայմաններ ապահովելու նպատակով մշակվել է ավագանու սույն որոշման նախագիծը»:
Ավագանու մեկ այլ որոշմամբ, նույն շենքում մի քիչ ավելի մեծ 101.5 քմ մակերեսով բնակարան՝ նվեր կստանա գրող Վահրամ Սահակյանը: Հիմավորումը հետևյալն է.
«Վահրամ Սահակյանը ՀՀ գրողների միության անդամ է, ապրում և ստեղծագործում է Երևանում, սակայն բնակվում է վարձով մեկ սենյականոց բնակարանում՝ զրկված լինելով ստեղծագործելու նորմալ պայմաններից։ Նա ամուսնալուծված է և վերջինիս հայրական տանը բնակվում են մայրը, քույրը, նախկին կինը և երկու տարասեռ երեխաները։ Հաշվի առնելով Վահրամ Սահակյանի անցած ստեղծագործական ուղին, ինչպես նաև բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությունը, ստեղծագործելու համար պայմաններ ապահովելու նպատակով մշակվել է ավագանու սույն որոշման նախագիծը»:
Մի բնակարան էլ ավագանու որոշմամբ կնվիրեն երգիչ Դավիթ Ամալյանին: Պարզվում է, նա Երևանում ապրում է վարձով.
«Դավիթ Ամալյանը չունի սեփական բնակարան և բնակվում է վարձով՝ զրկված լինելով ստեղծագործելու նորմալ պայմաններից։ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տվյալների համաձայն վերջինիս անվամբ Երևան քաղաքում որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված չէ։ Հաշվի առնելով վերջինիս ավանդը հայ երգարվեստի զարգացման և տարածման, ինչպես նաև երկրի պաշտպանության գործում, բնակարանային պայմանների բարելավման խիստ անհրաժեշտությունը, ստեղծագործելու համար պայմաններ ապահովելու նպատակով մշակվել է ավագանու սույն որոշման նախագիծը»:
Բակարան նվեր կստանա նաև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Բերջ Քարազյանը. « Բերջ Քարազյանը ապրում և ստեղծագործում է Երևանում, բնակվում է կնոջ և զավակի հետ համատեղ և հանդիսանում է բնակարանային պայմանների կարիքավոր»: