Հանրապետությունում ցրտահարություն է սպասվում. Հիդրոմետ
Հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը հանրապետության լեռնային շրջաններում սպասվում է ցրտահարություն: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Մասնագետի խոսքով, ցրտահարության վտանգ կա` ցրտահարության վտանգ կա Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերում, այսինքն` այս մարզերում գիշերը ջերմաստիճանը կհասնի մինչև՝ -3 աստիճանի
«Վաղը օրվա երկրորդ կեսից տեղումները հանրապետության տարածքում կդադարեն, և եղանակը կպարզի: Պարզեցման ժամանակ օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի: Դրա հետևանքով հանրապետության լեռնային շրջաններում ցրտահարություն կլինի»,- ասաց Սուրենյանը:
Մասնագետը հստակեցրեց, որ Շիրակի մարզում ցրտահարության գոտում կլինեն Աշոցքի, Արթիկ-Մարալիկ հատվածը, Լոռու մարզում` Ստեփանավանը և Տաշիրը, Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսը և Գավառը, իսկ Կոտայքի մարզում` Հրազդանի հատվածը և Արագածոտնի մարզում՝ Ապարանի շրջանը:
Ինչ վերաբերում է Արարատյան դաշտավայրին, ապա այս տարածքում ցրտահարություն չի սպասվում: