Եվս երեք հուշարձաններ կլուսավորվեն ՄԱԿ-ի պաշտոնական կապույտ գույնով
Հոկտեմբերի 24-ին աշխարհով մեկ ավելի քան 60 երկրի 200-ից ավելի հանրաճանաչ հուշարձան, շենք, թանգարան, կամուրջ և այլ նշանավոր կառույցներ կլուսավորվեն ՄԱԿ-ի պաշտոնական կապույտ գույնով՝ ՄԱԿ-ի օրվան և 70-ամյակին նվիրված համաշխարհային արշավի շրջանակներում: Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի հայասատանյան գրասենյակի լրատվական ծառայությունից:
Հայաստանը նույնպես միանում է համաշխարհային այս արշավին, ու Երևանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքը, 5-7 դարերի Սուրբ Գրիգոր տաճարը (Զվարթնոց) Վաղարշապատում, Թուֆենկյան Հին Դիլիջան (19-20-րդ դարեր) համալիրը Դիլիջանում և Մայր Հայաստան հուշարձանը Գյումրիում հոկտեմբերի 23-ին և 24-ին կլուսավորվեն կապույտով:
«Ես երախտապարտ եմ, որ մեր անդամ-երկրներն այսքան մեծ խանդավառությամբ են նշում ՄԱԿ-ի 70-տարին՝ նվիրված խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների աջակցությանը: Մեկ օրով ներկելով աշխարհը ՄԱԿ-ի կապույտով՝ կարող ենք լուսավորել դեպի ավելի լավ ապագա տանող ճանապարհը»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը:
Համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք նշանավոր կառույցներ՝ Ավստրալիայում Սիդնեյի օպերային թատրոնից մինչև Եգիպտոսում Գիզայի բուրգերը, Ռիո դե Ժանեյրոյի Հիսուս Ամենափրկիչ արձանից մինչև Նյու Յորքի Էմփայր Սթեյթ Բիլդինգը՝ կլուսավորվեն կապույտով: Այլ մասնակիցների թվում են Ռուսաստանի «Էրմիտաժ» թանգարանը, Հորդանանի հնադարյան Պետրա քաղաքը, Պիզայի թեք աշտարակն Իտալիայում, Միացյալ Թագավորության Էդինբուրգի ամրոցն ու Վեստմինստերյան կենտրոնական սրահը, Հարավային Աֆրիկայի Սեղանաձև լեռը, Ճապոնիայի ՍքայԹրի աշտարակը և Իսպանիայի Ալհամբրա համալիրը:
Համաշխարհային հոբելյանական արարողությունները կմեկնարկեն Նոր Զելանդիայում, ապա Ավստրալիայում՝ մթնշաղին լուսավորելով Սիդնեյի օպերային թատրոնը, և այնտեղից ՄԱԿ-ի կապույտի ալիքը կտարածվի երկրներով ու մայրցամաքներով, քանի որ միջազգային միջոցառմանը մասնակցում են նշանավոր կառույցներ ամբողջ աշխարհից:
ՄԱԿ-ի նյույորքյան կենտրոնական գրասենյակի շենքը կլուսավորվի 2 գիշեր՝ սկսած հոկտեմբերի 23-ից, երբ տեղի կունենա ՄԱԿ-ի օրվան նվիրված ամենամյա համերգը, և եզրափակվելով հոկտեմբերի 24-ին:
Այս համաշխարհային միջոցառումը լայնորեն կլուսաբանվի սոցիալական ցանցերում՝ #UNBlue հեշթեգի կիրառմամբ, ի հավելումն ամբողջ տարին օգտագործված #UN70-ի, և կտարածվի Instagram, Facebook, Twitter, Weibo, Flickr և այլ հարթակներում ՄԱԿ-ի միլիոնավոր հետևորդների շրջանակում:
Թեմային առնչվող՝
Հոկտեմբերի 24-ին Զվարթնոց տաճարը կլուսավորվի կապույտ լույսով