ՄԱԿ-ի կապույտ դրոշը հույսի փարոս էր ինձ համար. Բան Կի Մուն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ուղերձ է հղել ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«Ազգային դրոշները հպարտության ու հայրենասիրության խորհրդանիշ են աշխարհի ցանկացած երկրում: Սակայն միայն մեկ դրոշ կա, որ պատկանում է բոլորիս:
Միավորված ազգերի կազմակերպության կապույտ դրոշը հույսի փարոս էր ինձ համար, երբ հասակ էի առնում պատերազմական Կորեայում:
Իր հիմնադրումից յոթ տասնամյակ անց էլ ՄԱԿ-ը շարունակում է փարոս լինել ողջ մարդկության համար:
Ամեն օր Միավորված ազգերի կազմակերպությունը կերակրում է քաղցածներին ու ապաստան տրամադրում իրենց տները հարկադրաբար լքած մարդկանց:
ՄԱԿ-ը պատվաստում է երեխաներին, որոնք այլապես կարող են մահանալ կանխարգելելի հիվանդություններից:
ՄԱԿ-ը պաշտպանում է բոլոր մարդկանց իրավունքները՝ անկախ ռասայական, կրոնական, ազգային, գենդերային կամ սեռական պատկանելությունից:
Մեր խաղաղապահները հակամարտության առաջին գծում են, պատերազմող կողմերը մեր միջնորդների ջանքերով նստում են խաղաղ բանակցությունների սեղանի շուրջը, մարդասիրական ոլորտի մեր աշխատակիցները արիաբար գործում են վտանգավոր պայմաններում, որպեսզի տրամադրեն կենսական անհրաժեշտության օգնություն:
ՄԱԿ-ն աշխատում է յոթ միլիարդ մարդուց բաղկացած մարդկային ողջ ընտանիքի համար և հոգ տանում մեր միակ ու անկրկնելի տան՝ Երկիր մոլորակի համար:
Եվ ՄԱԿ-ի բազմազան ու տաղանդավոր աշխատակազմն է, որ օգնում է կյանքի կոչել ՄԱԿ-ի կանոնադրությունը:
ՄԱԿ-ի 70-րդ տարեդարձը նրանց անձնվիրությունը գնահատելու պահն է, ինչպես նաև առիթ՝ հարգանքի տուրք մատուցելու այն բազմաթիվ մարդկանց, որոնք իրենց պարտականությունները կատարելիս զոհել են առավելագույնը՝ իրենց կյանքը:
Աշխարհը կանգնած է բազում ճգնաժամերին հանդիման, իսկ միջազգային հավաքական գործողության սահմանները ցավալիորեն հստակ են: Եվ այնուամենայնիվ, ոչ մի երկիր կամ կազմակերպություն ի զորու չէ միայնակ դիմակայել մերօրյա մարտահրավերներին:
Մենք պետք է շարունակենք առաջնորդվել ՄԱԿ-ի կանոնադրության հավերժական արժեքներով: Մեր ընդհանուր պարտքն է՝ «միավորել մեր ուժերն» ու ծառայել «մեզ՝ ՄԱԿ-ի ժողովուրդներին»:
Այս տարեդարձը նշելու նպատակով ամբողջ աշխարհում բազում շենքեր ու հուշարձաններ են լուսավորվում ՄԱԿ-ի դրոշի կապույտով: Եվ մինչ լույս ենք սփռում այս դարակազմիկ տարեդարձին՝ եկեք վերահաստատե՛նք ավելի լավ ու ավելի պայծառ ապագա ստեղծելու մեր հանձնառությունը»:
Նախորդող հրապարակումներ՝
Եվս երեք հուշարձաններ կլուսավորվեն ՄԱԿ-ի պաշտոնական կապույտ գույնով
Հոկտեմբերի 24-ին Զվարթնոց տաճարը կլուսավորվի կապույտ լույսով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները