ՊԲ առաջապահ ստորաբաժանումները խստորեն պահպանել են հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊՆ
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից իրականացված դիտարկման ողջ ընթացքում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հավատարիմ են մնացել ձեռք բերված պայմանավորվածություններին և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ անցկացված դիտարկման ժամանակ հայկական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, հակառակորդի կողմից կիրառվող հերթական քարոզչական հնարքն է և իրականությանը չի համատասխանում:
Ընդհակառակը՝ դիտարկման ավարտին ադրբեջանական կողմը, իրեն բնորոշ գործելաոճով, ավտոմատ հրազենից կրակահերթեր է արձակել»,-ասված է ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն անցել են ադրբեջանական տարածք՝ ԼՂՀ կողմից: Դիտարկման ավարտի պահին գրանցվել է գնդակոծություն ավտոմատ հրազենից ադրբեջանական կողմից:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն էլ Twitter և Instagram սոցիալական կայքերի իր էջերում գրառում է արել. «Երբ մենք անցնում էինք Շփման գիծը, շարունակական կրակոցները ստիպեցին ԵԱՀԿ դիտորդներին զրահաբաճկոններ հագնել. սա անընդունելի է»:
Նախորդող հրապարակումներ՝
Համանախագահների մասնակցությամբ դիտարկման ժամանակ ադրբեջանական կողմից գնդակոծություն է գրանցվել
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ստիպված են եղել զրահաբաճկոններով անցնել շփման գիծը. Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը
Համանախագահները կհատեն շփման գիծը