«Ապագայում բանկերի մասնաճյուղերը կփոխեն իրենց դերը». Ամերիաբանկը կազմակերպել էր պանելային քննարկում
«Այսօրվա սերունդը շատ հարցեր լուծում է ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ, նաև ցանկանանում են, ինչու ոչ՝ բանկային ծառայություններն էլ ստանալ ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ: Այսինքն՝ բանկային հաճախորդներն էլ սերնդափոխություն են ապրում»,- Ամերիաբանկի կողմից կազմակերպված «Հիմնավորված է արդյոք հեռահար բանկային ծառայությունների տարածումը Հայաստանում» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը:
Նա նշեց, որ եթե նախորդ սերունդն ավելի հակված էր այցելել բանկ և հենց բանկում կատարել իր բոլոր գործարքները, նոր սերնդի պարագայում շատ դեպքերում կարող է հենց հաճախորդը ստիպել բանկին ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ ծառայություններ մատուցել, ինչը, կարծում է, ապագան է: Միաժամանակ նա նշեց, որ այս դեպքում կարևոր է կարգավորման դաշտը:
Ամերիաբանկի տնօրինության անդամ, Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը համոզված է, որ հեռահար բանկային ծառայությունները ոչ միայն հեռանկար ունեն, այլ նաև այլընտրանք չունեն:
«Դա չի նշանակում է, որ մասնաճյուղերը վերանալու են կամ մասնաճյուղերի դերը նվազելու է, ուղղակի դերը փոխվելու է, ավելի շատ խորհրդատվական կենտրոնների են վերածվելու, որտեղ պետք է անդրադառնան ավելի բարդ, մանրամասն քննարկման առարկա հանդիսացող հարցերի: Հեռանկարում ավելի պարզ ծառայություներն աստիճանաբար անցնում կկատարեն հեռահար կառավարման համակարգերի»,- ասաց նա:
Քննարկմանը ներկա Էյչ-Էս-Բի-Սի բանկի բանկային մանրածախ ծառայությունների դեպարտամենտի տնօրեն Միհրան Մուրադյանի խոսքով, բանկային գործունեության ապագա զարգացումները կապված են լինելու թվային տեխնոլոգիաների հետ:
«Մեր բանկի ռազմավարական ուղղություններից մեկը հենց թվային տեխնոլոգիաների զարգացումն է»,- նշեց նա:
Քննարկման մոդերատոր Ամերիաբանկի Տնօրինության անդամ, Զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանն իր խոսքում ասաց, որ հեռահար բանկային ծառայությունների զարգացումը միանշանակ կապված է հեռահաղորդակցության ոլորտի զարգացման հետ՝ ինտերնետի արագություն, սմարթֆոնների քանակ, այնուհետև հարց ուղղեց քննարկմանը ներկա հեռահաղորդակցության ոլորտի ներկայացուցիչներին, թե ի՞նչ քայլեր են անում իրենց ոլորտի զարգացման համար, այդպիսով հնարավորություն տալով նաև բանկային սեկտորին ավելի գրավիչ լինել:
«ԱրմենՏել» ՓԲԸ տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Մաքսիմ Խալմատովն ասաց, որ եթե հեռահաղորդակցության ընկերության կամ բանկի հաճախորդները չունեն պլանշետներ, սմարտֆոններ, ըստ էության, բարդ է նրանց անվանել «թվային հաճախորդ»: Այդ առումով, ըստ նրա, իրենց ընկերությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի ինտերնետի հետ կապված ավելի շատ սարքավորումներ գործի դրվեն:
«Այժմ ամբողջ աշխարհում թվային ոլորտ անցնելու մրցավազք է գնում: Կհաղթի այն ընկերությունը, ով կկարողանա մյուսներից ավելի լավ ստեղծել այնպիսի սարքեր, մոդելներ, որոնք ավելի պահանջված կլինեն շուկաների կողմից: Իսկ շուկաները շատ տարբեր են»,- ասաց Մ. Խալմատովը:
«Յուքոմ» հեռահաղորդակցական ընկերության ՏՏ տնօրեն Գուրգեն Ներսիսյանն ասաց, որ այսօր աշխարհում զարգացումը գնում է այն ուղղությամբ, թե ինչ հավելյալ ծառայություններ են տրամադրում օպերատորները: «Հիմա ավելի շատ քայլեր են արվում այն ուղղությամբ, որ մոբայլ ինտերնետը զարգանա, քանի որ դրա հետ են կապված հավելյալ ծառայությունները, որոնք կարելի է տրամադրել մարդկանց»,- ասաց նա:
Նախորդող հրապարակումներ՝
«Մեր հաճախորդները կարող են հանգիստ քնել». Ամերիաբանկի Տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն
Փորձագետ. Բանկերը հաճախորդների համար հասկանալի համակարգեր չեն ստեղծում
ՀՀ-ում հեռահար կառավարման համակարգերի լայնամասշտաբ օգտագործումն այլընտրանք չունի. Արման Բարսեղյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան