Աշխատակցի վրա առյուծի հարձակումը տեղի է ունեցել անուշադրության պատճառով. Պարզաբանում
Կենդանաբանական այգու լրատվական ծառայությունը մանրամասներ է փոխանցում հոկտեմբերի 29-ին աշխատակցի վրա առյուծի հարձակման դեպքի մասին:
Ըստ աղբյուրի, ժամը 16:00-ի սահմաններում Երևանի կենդանաբանական այգու գիշատիչների բաժնի խնամող Վարդան Գրիգորյանի ձեռքը վնասել է այգու առյուծներից մեկը:
«Դեպքը տեղի է ունեցել աշխատակցի անուշադրության պատճառով, երբ վերջինս հատել է առյուծներին մոտենալու անթույլատրելի սահմանը` խախտելով գիշատիչների հետ աշխատանքի անվտանգության կանոնակարգը:
Այգու անվտանգության աշխատակից Հենրի Մերխոշյանի արագ արձագանքման և ճիշտ գործողությունների շնորհիվ Վարդանին հաջողվել է ազատել և շտապ բուժօգնություն ցուցաբերել: Հավելենք, որ խնամողի աշխատանքային երկարամյա փորձը կամ գիտելիքները չեն կարող բացառել նմանատիպ դեպքերը, եթե նա կորցնում է զգոնությունը, ապավինում կենդանու հետ իր «հատուկ կապվածությանը», չի հետևում անվտանգության սահմանված կանոնակարգին:
Վարդան Գրիգորյանին, ով աշխատում է Երևանի կենդանաբանական այգում արդեն 4.5 տարի, վնասել է Զևս անունով առյուծը, որը ծնվել է Երևանի կենդանաբանական այգում 2008 թվականին: Այս պահին Վարդանը գտնվում է թիվ 1 համալսարանական հիվանդանոցում: Բժիշկները նրա վիճակը կայուն են գնահատում, կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում», -նշված է այգու մամուլի ծառայության տարածած պարզաբանման մեջ:
Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը Panorama.am-ին նաև վիճակագրական տվյալներ տրամադրեց: Այսպես. Կրկեսներում, մասնավոր հավաքածուներում և կենդանաբանական այգիներում ավտանգության կանոնակարգին չհետևելու, անուշադրության և անփութության հետևանքով անազատության մեջ պահվող կենդանիների, և մասնավորապես կատվազգիների հարձակումները մարդկանց վրա հազվադեպ չեն:
Այսպես օրինակ, միայն ԱՄՆ-ում տեղի են ունենում նման դեպքերի 74%-ը, իսկ առաջատարը Ֆլորիդա նահանգն է` 11%: Ընդ որում, բոլոր կատվազգիներից, վիճակագրորեն ամենաշատ հարձակումները վագրերի կողմից են` 59 դեպք 2008-2011թթ. ընթացքում:
Միայն 2015թ. ընթացքում կենդանաբանական այգիներում գրանցվել է հարձակումների 25 դեպք, որից երկուսը` հարևան Վրաստանում: 2015թ. վերջին դեպքը գրանցվել է հոկտեմբերի 3-ին Պակիստանում, Բահալպուրի կենդանաբանական այգում, երբ խնամողի վրա են հարձակվել այգու երկու առյուծները. վերջինս, մտնելով ազատավանդակ, չի համոզվել, որ գիշատիչները ներսում չեն և փորձել է կորյուններին տեղափոխել այլ վայր:
Հարակից հրապարակում`
Կենդանաբանական այգում առյուծի հարձակումից տուժած աշխատակիցը իրեն լավ է զգում