Հայաստանի վրա որպես ստվեր մշտապես ընկած է 2008 թվականի մարտը. Մեդիափորձագետ
««Freedom House» միջազգային կազմակերպության կողմից հրապարկվող «Համացանցի ազատություն» զեկույցներում Հայաստանն ի սկզբանե եղել է համացանցի ազատություն ունեցող երկրների շարքում, իսկ վերջին երկու տարվա ընթացքում դիրքերը մի քիչ ավելի է բարելավել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ «Freedom House»-ի «Համացանցի ազատությունը 2015 թ-ին» զեկույցով աշխարհի 65 երկրներում գնահատվել է համացանցի ազատության մակարդակը: Զեկույցում Հայաստանը, 100 հնարավոր միավորից ստանալով 28 միավոր, պահպանել է իր դիրքը համացանցի ազատություն ունեցող երկրների շարքում: Հայաստանն իր ստացած միավորով առաջատար դիրքում է թե´ տարածաշրջանային երկրների հետ համեմատած և թե´ ԱՊՀ երկրների:
«Տարածաշրջանում մեր դիրքերը համեմատած շատ լավ են»,-ընդգծեց Ս. Մարտիրոսյանը՝ հավելելով, որ զեկույցը բավականին խիստ մոտեցումներով է կազմվում:
Նա նշեց, որ «Freedom House»-ի դիտարկումների համաձայն, աշխարհում համացանցի ազատության հարցում անկում է նկատվում:
Հայաստանի հետ կապված, ըստ փորձագետի, դրականն այն է, որ համացանցից օգտվողների քանակն աճում է, տարածվում է հատկապես լայնաշերտ ինտերնետը, աճում է նաև բջջային հեռախոսներով ինտերնետ մտողների քանակը:
Ս. Մարտիրոսյանի խոսքով, ըստ «Freedom House»-ի մյուս զեկույցների՝ մարդու իրավունքների, մամուլի ազատության վերաբերյալ, Հայաստանը չի դասվում ազատ երկրների թվում, բայց համացանցը, ըստ նույն կազմակերպության զեկույցի, բազմազան է, սոցցանցերում ակտիվ օգտատերեր կան, ովքեր որպես կարծիք ձևավորողներ են ընկալվում: Հայաստանը ոչ շատ երկրների ցանկում է, որտեղ ցանցային ակտիվիսնտերը չեն հետապնդվում:
Որպես բացասական փաստ զեկույցում, ըստ մեդիափորձագետի, առանձնացված է ոստիկանության բողոքով «Յութուբից» մի քանի տեսանյութերի հեռացումը:
«Սա դիտվում է որպես ցանցային ազատության դեմ ոտնձգություն»,- նշեց նա:
Ս. Մարտիրոսյանի խոսքով, տարածաշրջանում Վրաստանն ու Հայաստանը մոտավորապես նույն վիճակում են, օրենսդրությամբ որևէ բան չի արգելափակվում, ոչ մի հատուկ գործողություններ համացանցի դեմ չի իրականացվում:
«Ցանցի հետ կապված բոլոր զեկույցներում Հայաստանի վրա որպես ստվեր մշտապես ընկած է 2008 թվականի մարտը, դիտվում է երկիր, որը լուրջ արգելափակումների է գնացել, թեև այնուհետև ամեն տեղ արձանագրվում է, որ այստեղ համացանցը բաց է»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:
Մեդիափորձագետի դիտարկմամբ, ընդհանուր առմամբ իրավիճակը Հայաստանում ստաբիլ նորմալ է, դրական է դիտվել նաև անձնական տվյալների պաշտպանությանը հետևող մարմնի ստեղծումը:
Նա նաև նշեց, որ թեև այս տարվա զեկույցում ընդգրկված չէ որպես բացասական փաստ, բայց հնարավոր է հաջորդ տարվա զեկույցում ներառվի այն, որ ՀՀ-ն ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ստորագրել է մի շարք պայմանագրեր, այդ թվում նաև՝ Հայաստանում, առհասարակ ԵԱՏՄ բոլոր երկրներում արգելվում է ներմուծել որոշ ծրագրային ապահովում, գաղտնագրող որոշ սարքեր. «Սա անհասկանալի կետ է, առ այսօր հստակեցված չէ, թե ինչ տիպի սարքերի, ծրագրերի մասին է խոսքը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան