Նախագահը հանձնարարել է ներկայացնել ՀՀ-ից միջպետական ավտոբուսային փոխադրումների անվտանգության աստիճանն էապես ավելացնելու ծրագիր
Նախագահ Սերժ Սարգսյանը Տուլայի շրջանում «Դոն» ավտոճանապարհին Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ այսօր ցավակցական ուղերձ է հղել և մի շարք հանձնարարականներ տվել պատկան մարմիններին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նախագահի ցավակցական ուղերձում մասնավորապես ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Խոր ցավով տեղեկացա Տուլայի շրջանում Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի և անդառնալի հետևանքների մասին: Այս գիշեր մեծ կորուստ կրեց մեր ողջ ժողովուրդը, մեզնից յուրաքանչյուրը: Այս ծանր պահին իմ ցավակցությունն ու վշտակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին: Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:
Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ Հանրապետության Նախագահն իրավասու իրավապահ մարմիններին հանձնարարել է անհապաղ նախաձեռնել անհրաժեշտ իրավական ընթացակարգեր՝ իրենց իրավասության շրջանակներում վթարին առնչվող հանգամանքները պարզելու համար՝ ապահովելով Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինների հետ համագործակցությունը:
Սերժ Սարգսյանն իրավասու մարմիններին հանձնարարել է նաև կարճ ժամկետներում վթարի պատճառների և ավելի լայն ու համալիր ուսումնասիրությունների հիման վրա ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքից միջպետական ավտոբուսային փոխադրումների անվտանգության աստիճանն էապես ավելացնելու ծրագիր:
Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել զոհվածների և տուժածների ընտանիքներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև ամբողջ ծավալով բժշկական օգնություն կազմակերպելու նպատակով:
Վթարի վերաբերյալ այլ հրապարակումներ՝
Հայտնի է ավտոբուսի վթարի զոհերից մեկի անունը
ԱԳՆ. Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչները Տուլայում են
Տուժածները պատմում են ավտոբուսի վթարի մասին
Տուլայում ՃՏՊ-ի զոհերի թիվը հասել է 8-ի
Նախնական տվյալներով, Մոսկվայից Երևան եկող ավտոբուսի վարորդը քնել է ղեկին
Հրապարակվել է Մոսկվայից Երևան եկող ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների անունները
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան