Հայաստանի հավաքականը Ֆրանկոֆոնիայի խաղերում գրավել է 12-րդ տեղը
Սեպտեմբերի 5-16-ը Ֆրանսիայի Նիս քաղաքում կայացած Ֆրանկոֆոնիայի 7-րդ միջազգային խաղերին 54 մասնակից երկրների շարքում Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականը գրավել է 12-րդ տեղը: Այս մասին տեղեկացնում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Մեր մարզիկները մրցում էին 7 մարզաձևերից 5-ում՝ ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, հեծանվային սպորտ, սեղանի թենիս և ատլետիկա: Ազատ ոճի ըմբշամարտի մեր հավաքականը նվաճելով 3 ոսկի և 1 բրոնզե մեդալ՝ թիմային հաշվարկով գրավել է 2-րդ տեղը:
55 կգ քաշային կարգում մեր ոսկե մեդալակիրն Օհան Գիքինյանն է, ըմբիշ Նարեկ Սիրունյանը 66 կգ քաշային կարգում նույնպես նվաճել է ոսկե մեդալ, իսկ Վիկտոր Կազիշվիլին ոսկե մեդալակիր է դարձել 96 կգ քաշայինում:
Ի դեպ, միջոցառման հենց առաջին օրը մեզ համար նշանավորվել է ոսկե 3 մեդալով, իսկ հաջորդ՝ 2-րդ օրը, 120 կգ ծանր քաշային կարգում բրոնզակիր է դարձել ըմբիշ Անդրանիկ Գալստյանը:
Միջազգային հեղինակավոր այս ստուգատեսին մեր ձյուդոյի թիմը ներկայացել էր 3 մարզիկով և նվաճել 2 բրոնզե մեդալ՝ Գրիգոր Իվանյանը 60 կգ քաշային կարգում և Տիգրան Վարոսյանը 66 կգ-ում:
Հեծանվային սպորտում ՀՀ հավաքականը մասնակցությունն ապահովել էր 5 մարզիկով, ատլետիկայում՝ 6:
Մեր հավաքականի հեռացատկորդներից լավ արդյունք են ցույց տվել Արսեն Սարգսյանը և Վարդան Փահլևանյանը՝ համապատասխանաբար գրավելով 4-րդ և 5-րդ տեղերը: Սեղանի թենիսի 2 մասնակցից Հասմիկ Խաչատրյանը գրավել է 8-րդ տեղը:
Նշենք, որ 4 տարին մեկ անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերին Հայաստանը մասնակցում էր 2-րդ անգամ: Նախորդ անգամ Լիբանանում կազմակերպված Ֆրանկոֆոնիայի 6-րդ միջազգային խաղերից հայ մարզիկները վերադարձել էին 3 արծաթե և բրոնզե մեդալով:
Հիշեցնենք, որ hայաստանյան 36 հոգանոց պատվիրակությունը ղեկավարում էր Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, աշխարհի ու օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին