Ռոման Ամոյանը հունիսի 13-ին կսկսի պայքարը Բաքվում
Այսօր երեկոյան Բաքվում տեղի է ունենալու Եվրոպայի մարզական առաջին խաղերի բացման արարողությունը: Հայաստանի դրոշակակիրը ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, պատվիրակության ղեկավար, միջազգային կարգի մրցավար Հրաչյա Ռոստոմյանն է: Նախատեսված է նաև պատվիրակության գլխավոր հանձնակատար Դերենիկ Գաբրիելյանի, Վաղինակ Գալստյանի, Հրանտ Ենոքյանի, Կարեն Գիլոյանի, Սամվել Գևորգյանի մասնակցությունը շքերթին: Բայց մինչ այդ մրցումային հևքը արդեն թևածել էր վաղ առավոտից: Ջրային մարզաձևերի համալիրում իրենց մրցավեճն են սկսել գեղալողի դասակարգման (զույգեր և խմբային) և ջրագնդակի խմբային մրցաշարերի մասնակիցները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Մրցումային յուրատեսակ քննություն բռնեց նաև Հայաստանի մասնակից, հունահռոմեական ոճի անվանի ըմբիշ Ռոման Ամոյանը (59 կգ): Երևանցին օլիմպիական հանդարտությամբ կանգնեց կշեռքին, քանզի անձնական քաշի հարցում որևէ խնդիր չուներ: Նա նաև մեր երկրի առաջին մրցողն է խաղերում: Հունիսի 13-ի առավոտյան մրցագորգի շնորհալի վարպետը հաղթելու վճռականությամբ կսկսի պայքարը: Ուզում ենք հավատալ, որ Ռոմանը նախնական փուլի գոտեմարտերում հաջողության կհասնի, կստանա եզրափակչում հանդես գալու իրավունք ու բարձր տրամադրությամբ կվերադառնա հյուրանոց: Վճռական փուլի մասնակիցները հինգ ժամ կհանգստանան, կվերականգնեն ուժերը ու երեկոյան մրցահերթում կպայքարեն խաղարկվող առաջին մեդալների համար: Ի դեպ, չեմպիոններին և մրցանակակիրներին միանգամից կշնորհվի երկու` Եվրոպական խաղերի և Եվրոպայի չեմպիոնի կոչում: Այս առթիվ ըմբշամարտի աշխարհի միացյալ ֆեդերացիայի նախագահ, սերբ Նենադ Լալովիչն ասել է, որ իրենք հարկադրված են գնացել նման քայլի: Այն արվել է մարզաձևի օլիմպիական կարգավիճակը վերականգնելու վերաբերյալ նախապես կնքած պայմանագրի համաձայն: Դրանով ֆեդերացիան պարտավորվել է Եվրոպայի առաջնությունը զուգահեռել, միացնել Եվրոպական խաղերին՝ նպատակով, որ մրցումներում ընդգրկվեն ուժեղագույն վարպետները: Այս մասին, անկասկած, գիտի նաև Ռոման Ամոյանը, ով արժանի է և կարող է կրկնել Եվրոպայում ուժեղագույնը լինելու իր նախկին նվաճումը:
Հունահռոմեական ոճի մեր մյուս երեք ըմբիշները` Միհրան Հարությունյանը (66 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) ասպարեզ կելնեն հունիսի 14-ին: Թեև մենք նախապես տեղեկացրել ենք մեր մարզիկների մասնակցությամբ մրցումների ժամանակացույցը, բայց հիշեցնենք, որ առավոտյան մրցահերթը կսկսվի ժամը 10-ին, երեկոյանը (եզրափակիչ փուլ)`ժամը 19-ին:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աշխատակազմը, և իհարկե, մեր մարզասերները հաղթական մեկնարկ և ավարտ են մաղթում մեր պատվիրակներին: Հավատանք, որ մերոնք մարտական տրամադրությամբ կելնեն ասպարեզ, կցուցադրեն հուսալի վարպետություն ու բարձր կպահեն հայրենական սպորտի պատիվը: