Թետչերին կհուղարկավորեն լեդի Դիանայի նման
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի հուղարկավորությունը պետական կարգավիճակ չի ունենա, թեև կանցնի պահպանելով արարողակարգի այն կանոնները, որ կային արքայադուստր Դիանայի ու թագավորական ընտանիքի այլ անդամների հուղարկավորության ժամանակ, ասված է բրիտանական կառավարության հաղորդագրության մեջ:
87-ամյա Մարգարետ Թետչերը մահացել էր երկուշաբթի կաթվածից: Նա Մեծ Բրիտանիայի առաջին և միակ կին-վարչապետն է եղել: Նշվում է, որ Թետչերին վերջին հրաժեշտը կտան Լոնդոնի Սուրբ Պողոսի տաճարում, իսկ այնուհետ ազգականների ներկայությամբ դիակը կայրեն: Բրիտանական մամուլում գրում են, որ Թետչերն ինքն է հրաժարվել, որ իր հուղարկավորությունը պետական արարողակարգով լինի: Նման պատվի արժանացած վերջին քաղաքական գործիչը Ուինսթոն Չերչիլն է եղել, նրան հուղարկավորել են 1965 թվականին: Թետչերի թաղման օրը դեռ որոշված չէ: Նրա ներկայացուցիչն ասել է,որ դա կարող է լինել մոտակա 10 օրվա ընթացքում: