Եգիպտոսում ավերվել է հերթական թանգարանը. Գիտնականներն ահազանգում են
Եգիպտոսում զինված հակամարտության ընթացքում ավերակների է վերածվել երկրի ամենամեծ թանգարաններից մեկը՝ Մալավիի ազգային թանգարանը: Այն գտնվում է Կահիրեից ոչ շատ հեռու, ուր պահպանվում են պատմական հարյուրավոր մասունքներ: Դրանց մեծ մասից այժմ միայն կտորներ են մնացել, հայտնում է «Կուլտուրա» հեռուստաալիքը:
Նախկինում էլ բախումների արդյունքում Էլ-Մինյա քաղաքում ավերվել էր թանգարան: Գիտնականներն ահազանգում են. վտանգի տակ է Եգիպտոսի ամբողջ հնագիտական-պատմական ժառանգությունը: Բացի այդ, քաղաքում ավերվել են քրիստոնեական եկեղեցիներ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան լուրջ անհանգստություն է հայտնել Եգիպտոսի մշակութային ժառանգության վերացման առնչությամբ, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն: Նրա հայտարարության մեջ նշվում է, որ մշակութային ժառանգություն վրա հարձակումն անուղղելի վնաս է հասցնում ամբողջ եգիպտացիների պատմությանն ու ինքնությանը:
Բոկովան կոչ է արել եգիպտական իշխանություններին ապահովել թանգարանների, պատմական շինությունների և կրոնական կառույցների անվտանգությունը: Նա նաև դիմել է իշխանություններին՝ կոչ անելով կանխել Մալավիի ազգային թանգարանից գողացված մշակութային արժեքների անօրինական ճանապարհով երկրից դուրս բերումը կամ վաճառքը և հայտարարել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է դրա համար տեխնիկական աջակցություն ցուցաբերել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում