EurasiaNet.org. Եվրոպական խաղերը միջազգային հանրության ուշադրությունը կհրավիրեն Ադրբեջանում ժողովրդավարության խնդիրների վրա
Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերին դեռ մեկ տարի կա, սակայն Ադրբեջանը ձգտում է որքան հնարավոր է շուտ ավարտել նախապատրաստական աշխատանքները: Ըստ «EurasiaNet» ամերիկյան կազմակերպության կայքում տպագրված հոդվածի` ինչպես 2012թ.-ի Եվրատեսիլի ժամանակ, այժմ էլ քաղաքի վերակառուցումը տարաձայնությունների և բողոքների պատճառ է դարձել:
«Հիմնական տարաձայնության աղբյուրը Բաքվի «Սովետսկայա» թաղամասի կիսաքանդ տների նախատեսված քանդումն է. այդ տները պետք է փոխարինվեն «կանաչ գոտիներով»: Վերակառուցումը իր բացասական ազդեցությունը կունենա Բաքվի 40.000 բնակիչների վրա: «Սովետսկայայի» շատ բնակիչներ, ում տարահանում են իրենց տներց, հայտարարել են, որ նրանք համարժեք փոխհատուցում չեն ստանում կառավարությունից»,- գրում է հեղինակը:
«Սովետսկայայի» բնակիչներից Էլսևեր Համիդովը «EurasiaNet» -ին ասել է, որ կառավարությունը նրան առաջարկել է 1500 մանաթ (մոտ $1,912) իր 20 քառակուսի մետր տան մեկ մետրի համար, այսինքն ընդհանուր 30000 հազար մանաթ (մոտ $38,250):
«Այս գումարով անհնարին է նույնիսկ փոքր բնակարան գնել Բաքվի ծայրամասում»,- նշել է Համիդովը:
Հոդվածում նշվում է նաև, որ տեղական քաղաքացիական հասարակության ակտիվիստները մտադիր են օգտագործել Եվրոպական օլիմպիական խաղերի անցկացումը միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանի ժողովրդավարության վատ վիճակի վրա հրավիրելու համար:
Մարդու իրավունքների պաշտպան, ակտիվիստ Ռասուլ Ջաֆարովը, ով Եվրատեսիլի ժամանակ «Երգիր հանուն ժողովրդավարության» շարժման ակտիվ մասնակից էր, նշել է. «Մենք բավականին դժվար խնդիր ունենք լուծելու. պետք է արդյունքի հասնենք և միևնույն ժամանակ չհայտնվենք բանտում»:
Հոդվածում նշվում է, որ «Սովետսկայայի» մարտի 3-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներից 7-ը ձերբակալվել են հանրային կարգը խախտելու համար: Սակայն ըստ հեղինակի` Ադրբեջանի կառավարության «սիրելի» ռազմավարությունը` բողոքի ակցիաների մասնակիցների ձերբակալությունը, լի է վտանգներով:
Հեղինակը նշում է, որ մարդու իրավունքների պաշտպանների բողոքները կսկսվեն մայիսի 1-ից, երբ Ադրբեջանը կստանձնի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի (Մարդու իրավունքների մոնիթորինի գլխավոր մարմին) նախագահությունը: ԵՄ պաշտոնյաները այս ամիս արդեն քննադատել են Ադրբեջանի ճնշումները ձերբակալված ընդդիմադիր գործիչներ Իլգար Մամեդովի և Տոֆիգ Յագուբլուի հանդեպ` նշելով, որ «դա հակասում է Ադրբեջանի` որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկրի, կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին»:
Ըստ հեղինակի` կան հիմքեր ենթադրելու, որ Բաքվի հետագա ամիսների գործունեությունը ավելի հաճախ կլինի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Մի քանի դեպքեր արդեն իսկ ուշադրության են արժանացել: Դրանցից ամենամտահոգիչը այն է, որ վերջին երկու ամիսների ընթացքում ինքնասպանությունները դարձել են կոռուպցիայի, սոցիալ-տնտեսական պայմանների և մարդու իրավունքների խախտումների դեմ բողոքի մի տեսակ:
Բաքվում գործող «Atlas» անկախ հետազոտական կենտրոնի տնօրեն քաղաքական վերլուծաբան Էլհան Շահինօղլուն, նշել է, որ ստեղծված իրավիճակը գլխացավանք է լինելու Ադրբեջանի կառավարության համար:
Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանում անցկացվող Եվրոպական օլիմպիական խաղերի նախատեված ծախսերը կազմում են 1 մլրդ մանաթ ($ 1.25 մլրդ):
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը