Պուտին. Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը կստորագրվի մայիսի 29-ին
Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը կստորագրվի մայիսի 29-ին: Այս մասին «Վզգլյադ» պարբերականի փոխանցմամբ, երեկ՝ ապրիլի 29-ին Մինսկում տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստից հետո հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Այսօր մենք շատ լուրջ քայլ առաջ կատարեցինք: Փորձագիտական մակարդակով ոչ միշտ է հաջողվում համաձայնության գալ որոշ նրբությունների հետ կապված, որոնք հետաքրքրություն են ներկայացնում պայմանավորվող կողմերի համար: Սակայն այսօր մենք էականորեն առաջ գնացինք, և կան բոլոր հիմքերը՝ ենթադրելու, որ կստորագրենք սահմանված ժամկետներում»,- ասել է Պուտինը:
Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ ուկրաինական ճգնաժամի հետ կապված ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները չեն ազդի եվրասիական ինտեգրացիոն գործընթացի վրա:
«Պատժամիջոցները որևէ կերպ չեն կարող ազդել եվրասիական ինտեգրացիայի վրա: Դա վերաբերում է միայն այն երկրներին, ովքեր զբաղվում են այդ ինտեգրացիայով»,- շեշտել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հիշեցնենք, որ երեկ Մինսկում տեղի է ունեցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որի ընթացքում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները քննարկվել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի նախագիծը և Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզի» իրականացումը:
Նիստից հետո Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն հայտարարել է, որ Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագիծը պատրաստ կլինի մինչև 2014թ.-ի հունիսի 1-ը: Խրիստենկոյի խոսքով՝ Պուտինը, Լուկաշենկոն և Նազարբաևը հավանության են արժանացրել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզի» իրականացման ուղղությամբ մինչ օրս կատարված աշխատանքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները