«Բռնությունները հետխորհրդային որոշ երկրներում շարունակում են տարածված մնալ». Amnesty International-ի զեկույցը
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը «Վերջ բռնություններին» արշավի շրջանակներում հրապարակել է «Բռնությունը 2014 թվականին. Չիրականացված խոստումների 30 տարի» վերտառությամբ զեկույց, որում ներկայացված է ժամանակակից աշխարհում բռնության կիրառման դեպքերը:
Զեկույցի հետ համատեղ կազմակերպությունը ներկայացրել է նաև 21 երկրներում անցկացված հարցման արդյունքները, որոնք արտացոլել են այդ երկրներում բռնության դեպքերի նկատմամբ հասարակական վերաբերմունքը: Համաձայն հարցման արդյունքների` ռեսպոնդենտների 41 %-ի մոտ առկա է վախ, որ ինչ-որ հանգամանքներում իրենք կարող են դառնալ բռնությունների զոհ: Բռնություններից խուսափելու ճանապարհը հարցվածների 82%-ը համարել է խնդրին իրավական և օրենսդրական լուծում տալը: Միաժամանակ հարցվածների 36%-ը համոզմունք է հայտնել, որ բռնությունները որոշակի հանգամանքներում ենթական են արդարացման: Ամբողջացնելով սույն հարցման արդյունքները` զեկույցում համոզմունք է հայտնված առ այն, որ «գլոբալ մակարդակով առկա է բռնությունների կանխման լայն հասարակական աջակցություն:
Վերադառնալով` բուն զեկույցին, պետք է նշել, որ ըստ կազմակերպության գնահատականների` թեև 1984 թվականին աշխարհի 155 պետություններ վավերացրել են Բռնությունների կանխարգելման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, սակայն շատ երկրներում «բռնությունները ոչ միայն առկա են, այլ նաև ծաղկում են ապրում»:
Զեկույցի «Եվրոպա և Կենտրոնական Ասիա» ենթաբաժնում ընդհանուր գնահատականներ են տրված սույն տարածաշրջաններում բռնության դեպքերին, բռնության գործիքակազմին, ինչպես նաև այն կանխարգելող իրավական նորմերին և օրենսդրական կարգավորումներին:
Ըստ այդմ` քրեական արդարադատության համատեքստում բռնությունների և չարաշահումների առումով զեկույցում հետխորհդային երկրների շարքում առաջատար դիրքում է Ուկրաինան, որտեղ, «յուրաքանչյուր տարի տեղի են ունենում հետխորհրդային, կոռումպացված իրավապահ կառույցների կողմից բռնությունների և այլ չարաշահումների մի քանի հարյուր հազարավոր դեպքեր»: Զեկույցում հնչեցված գնահատակնների համաձայն` բռնությունների դեպքերը հատկապես ավելացել են այս տարի` որպես «պատասխան գործողություններ եվրամայդանի ցույցերին»: Այս մասով գնահատականներին կից ներկայացված են բռնության մի քանի առանձին դեպքեր ևս:
«Համաձայն գնահատականների` ոստիկանության կողմից կիրառված անհամաչափ ուժի գործադրման արդյունքում հազարավոր մարդիկ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, ոստիակնական ուժերի կողմից արձակված կրակոցներից մահացել է ավելի քան հարյուր մարդ»,- նշված է զեկույցում:
Հետխորհրդային երկրներում բռնությունների կիրառման դեպքերով զեկույցում հիշատակվում են նաև Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան, որտեղ «2013-2014 թվականներին արձանագրվել են ընդդիմադիր քաղաքական գործիչների և ցուցարարների նկատմամբ կիրառված բռնություններ, ոստիկանական անհամաչ ուժի գործադրում»:
«2013 թվականին Գեզիի այգու հետ կապված ցույցերի ժամանակ փողոց դուրս եկած հազարավոր ցուցարարներ տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել ոստիկանական ուժերի գործողությունների արդյունքում: Որպես բռնությունների արդյունք` գրանցվել է առնվազն չորս մահ»,- նշված է զեկույցում:
Կալանավորվածների նկատմամբ գործադրված բռնությունների և մահվան դեպքերի մասով հիշատակված են նաև Բելառուսը և Տաջիկստանը:
Ավարտելով հետխորհրդային երկրներում բռնության մակարդակի ընդհանուր գնահատականները` զեկույցում շեշտադրված է, որ «բռնությունները հետխորհրդային որոշ երկրներում շարունակում են տարածված մնալ»:
Նկատենք, որ ինչպես վերևում հիշատակված կազմակերպության կողմից անցկացված հարցման արդյունքների ամփոփագրում, այնպես էլ բուն զեկույցում հետխորհրդային երկրների շարքում Հայաստանի վերաբերյալ հիշատակումներ և շեշտադրումներ արված չեն:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում