ԱՄՆ Պետդեպը դատապարտել է Ադրբեջանում լրագրողին ծեծի ենթարկելը
ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է այս տարվա օգոստոսի 21-ին Ադրբեջանում լրագրող Իլգար Նասիբովին դաժանորեն ծեծի ենթարկելը: Այս մասին տեղեկանում ենք գերատեսչության պաշտոնական կայքից:
«Մենք խստորեն դատապարտում ենք Նախիջևան քաղաքում քաղաքացիական ակտիվիստ, «Ժողովրդավարության աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Իլգար Նասիբովին ծեծի ենթարկելը, ով ներկայումս հոսպիտալացված է ծանր առողջական խնդիրներով: Ավելի քան տաս տարի պարոն Նասիբովը եղել է քաղաքացիական հասարակության հարգված ակտիվիստ և մարդու իրավունքների պաշտպան»,- նշված է հայտարարության մեջ:
Պետքարտուղարությունը միաժամանակ Ադրբեջանի իշխանություններից պահանջել է հարգել մարդու իրավունքները և պատասխանատվության կանչել լրագրողին ծեծի ենթարկած անձանց:
«Հասկանալի է, որ ոստիկանությունը արագ արձագանքեց և դատախազությունն էլ հետաքննություն սկսեց: Մենք աջակցում ենք մեղավորներին հայտնաբերելու համար իրականացվող շուտափույթ, ամբողջական և թափանցիկ հետաքննությանը: Պնդում ենք, որ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն և կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին անմիջական քայլեր ձեռնարկել ազատ խոսքի, հավաքների և միավորումներ կազմելու մարդու հիմնարար իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»,- ասված է Պետդեպի հայտարարության մեջ:
Նախորդող նորությունը`
«Freedom House»-ը դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին` լրագրողի վրա հարձակման հերթական դեպքի համար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան