Պուտինը կարգադրել է ստորագրել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ստորագրել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցելու վերաբերյալ պայմանագիրը։ Նախագահի համապատասխան կարգադրությունը հրապարակվել է այսօր իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Ընդունել ՌԴ կառավարության առաջարկը՝ ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության վերաբերյալ պայմանագիրը»,- նշվում է փաստաթղթում։
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությանն իրավունք է տրվել պայմանագրի ստորագրման վերաբերյալ բանակցությունների ընթացքում նախարարների կաբինետի հավանությանն արժանացած նախագծում փոփոխություններ մտցնել, որոնք չունեն սկզբունքային բնույթ։
«Նպատակահարմար համարել սույն կարգադրությամբ նախատեսված պայմանագիրը ստորագրել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ պետությունների ղեկավարների մակարդակով նիստում»,- նշվում է կարգադրության մեջ: