Ամերիկացի լրագրողի գլխատման նոր տեսանյութը լայն արձագանք է գտել
Oգոստոսի 2-ին համացանցում նոր տեսանյութ է տարածվել, որտեղ «Իսլամական պետության» զինյալները գլխատում են դեռևս 2013թ. Սիրիայում առևանգված ամերիկացի լրագրող Սթիվեն Սոթլովին: Այդ տեսանյութի և այլ զարգացումների մեկնաբանության համար «Panorama.am»-ի լրագրողը դիմեց արաբագետ Սարգիս Գրիգորյանին:
Ըստ արաբագետի` օգոստոսի 2-ի և մոտ երկու շաբաթ առաջ ամերիկացի մեկ այլ լրագրող Ջեյմս Ֆոլիի գլխատման տեսանյութերը հստակ ուղերձ են պարունակում ԱՄՆ-ին և դաշնակիցներին, այն է՝ դադարեցնել օդային հարվածներն Իրաքում: Արևմտյան ռազմաօդային ուժերը զգալի օդային հարվածներ են հասցնում «Իսլամական պետության» դիրքերին Իրաքում, և դա է պատճառը, որ իսլամականները ստիպված են հակաքայլեր ձեռնարկել՝ հանդես գալով նմանատիպ ուղերձներով:
Արաբագետի պնդմամբ՝ Արևմտյան ռազմաօդային ուժերի կետային հարվածները սկսվեցին այն ժամանակ, երբ իսլամականները օգոստոս ամսվա ընթացքում հարձակումներ նախաձեռնեցին իրաքյան Սինջարի բնակավայրերի վրա` կոտորելով այստեղ բնակվող ազգային և կրոնական փոքրամասնություններին: Բացի այդ, իսլամականները հաջողություններ արձանագրեցին քրդական փեշմերգայի նկատմամբ և մեկը մյուսի ետևից ընդլայնում էին իրենց կողմից վերահսկվող տարածքները հյուսիսային Իրաքում՝ սպառնալով Էրբիլին՝ իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաքին:
Վերոնշյալ տխրահռչակ գլխատման տեսանյութերում իսլամականը սպառնում է ԱՄՆ-ին զերծ մնալ այդ հարձակումներից: Սա վկայում է, որ «Իսլամական պետությանն» ուղղված ամերիկյան հարձակումներն իրոք զգալի վնասներ են պատճառում կառույցին: Իսլամականները ստիպված են գնալ նման գործողությունների` ցույց տալու, որ ի զորու է մարտահրավեր նետել ԱՄՆ-ին, և առաջին լրագրողի գլխատումից 2 շաբաթ անց, ոչնչի առաջ չեն կանգնում և իրականացնում են հաջորդ ամերիկացի լրագրողի սպանությունը:
Ավելին` տեսանյութուն ցուցադրվում է մեկ այլ, արդեն բրիտանացի պատանդ, ում իսլամականները սպառնում են ևս գլխատել, եթե ամերիկյան և բրիտանական օդային հարվածները չդադարեն, նշեց Ս. Գրիգորյանը՝ հավելելով, որ արևմտյան միջնորդավորված օժանդակությունը իսլամականների դեմ պայքարող տարածաշրջանային ուժերին՝ քրդերին, սիրիական ընդդիմադիր ճամբարի այլ ուժերին և այլն, կարծես թե, փոխում է իսլամականների ծրագրերը՝ այն է արմատավորվել այն տարածքներում, որոնք ընկել են իրենց վերահսկողության տակ:
«Եվ քանի որ, իսլամականները վաղուց դուրս են եկել վերահսկողությունին, ապա այդ կառույցի ահաբեկչական գործողությունների թիրախում կարող է հայտնվել ոչ միայն մերձավորարևելյան տարածաշրջանը, այլև՝ հենց արևմտյան երկրները:
Նման տեսանյութերը, անխոս, իրենց արձագանքն են ունենում արևմտյան հասարակական լայն շրջանակներում, որոնք պետք է պահանջեն իրենց իշխանություններից առավել արդյունավետ պայքար ընդդեմ «Իսլամական պետության»: Այս համատեքստում արևմտյան իշխանական շրջանակների արձագանքն էլ իսլամականների վայրագություններին կլինի ավելի շոշափելի»,- եզրափակեց արաբագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները