«Daily Sabah». Թուրքիայի ԵՄ հարցերով նախարարը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների «նոր փուլ»-ի անհրաժեշտության մասին
Թուրքիայի Եվրոպական միության հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Վոլկան Բոզկիրը անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին` նշելով, որ բոլորը պետք է ապրեն միասին` հետևում թողնելով անցյալում կատարվածը: Այս մասին հաղորդում է թուրքական «Daily Sabah» պարբերականը:
Պարբերականի փոխանցմամբ` նախարարը հայ-թուրքական հարաբերությունների նոր մակարդակի անհրաժեշտության մասին խոսել է Լիսաբոն կատարելիք այցից առաջ: Կարևորելով, արդեն նախագահ Էրդողանի կողմից այս տարվա ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերին ուղղված ցավակցական նամակը, նախարարը նշել է. «Այդ նամակով մենք ցույց տվեցինք, որ մենք ցավալի իրադարձություններից հետո նոր մաքուր էջից ենք սկսում և խաղաղության ձեռք մեկնեցինք: Եթե (մեր) գործընկերը ընդունում է այդ ձեռքը, ապա մենք կարող ենք նոր էջ բացել: Անհնար է աշխարհի ապագան կառուցել` ատելությամբ և միմյանց սպանելով»:
Ըստ պարբերականի` նախարարը հույս է հայտնել երկու երկրների հարաբերությունների կարգավորման մասով` շեշտելով այդ հարցում բոլոր կողմերի համար հանդուրժողականության կարևորությունը:
Նկատենք, որ պարբերականը նախարարի անդրադարձը դիտարկում է «վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերություններում նկատվող լավատեսության» համատեքստում, որի կարևոր դրսևորումներից են, ըստ պարբերականի, Էրդողանի ապրիլ 24-յան ուղերձը, այդ օրը համայն հայությանը և աշխարհին ուղղված նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում տեղ գտած այն ձևակերպումը, որ «Հայաստանը թուրք հասարակությանը որպես թշնամի չի ընկալում», Ռ. Էրդողանի երդմնակալությանը ՀՀ նախագահին ուղարկված հրավերը, ՀՀ արտգործնախարարի այդ արարողությանը մասնակցությունը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից` նախագահ ընտրվելու կապակցությամբ Էրդողանին հասցեագրված շնորհավորանքը: