«The New York Times». «Ադրբեջան. երկիր ոչ մարդու իրավունքների համար»
Ամերիկյան հեղինակավոր «The New York Times» պարբերականում ադրբեջանցի իրավապաշտպաններ Գյունայ Իսմայիլովան և Սամիր Կազիմիլին անդրադարձել են Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության վատթար վիճակին:
Հոդվածագիրները նշում են, որ երկու տարի առաջ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բազում եվրոպական խմբեր ահազանգում էին, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթի անցկացումն Ադրբեջանում էլ ավելի է ամրապնդելու մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ ադրբեջանական իշխանությունների անհանդուրժողականությունը:
«Հիմա այդ մտավախությունները իրականություն են դարձել: Նախորդ տարվանից սկսած մենք ականատես ենք շինծու մեղադրանքներով իրավապաշտպանների ձերբակալությունների իսկական տարափի»,-գրում են հեղինակները:
Հոդվածագիրները, անդրադառնալով այն հանգամանքին, որ շաբաթ և կիրակի օրերը Բաքվում Եվրոպայի խորհրդի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կյանքի կոչմանը նվիրված համաժողով է անցկացվելու, նշում են, որ իրենք «պարզապես տագնապած են` տեղեկանալով Եվրոպայի խորհրդի այդ որոշման մասին:
«Կարելի էր ծիծաղել, եթե իրավիճակն այդքան ողբերգական չլիներ»,- իրենց մտահոգությունն են հայտնում իրավապաշտպանները` վստահություն հայտնելով, որ բացի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում նախագահությունից, որևէ այլ խելամիտ պատճառ չի կարող բերվել եվրոպացիների կողմից Ադրբեջանում նման միջոցառում անցկացնելու համար:
Հոդվածագիրները նշում են, որ եվրոպացիները հավանաբար չեն այցելի վերջերս ձերբակալված իրավապաշտպաններ Յունուս ամուսիններին, Խադիջա Իսմայիլովային, Վացլավ Հավելի մրցանակին արժանացած Անար Մամադլիին և այլոց:
Հոդվածագիրները Ադրբեջանը առհասարակ տարօրինակ երկիր են համարում նման միջոցառում անցկացնելու համար: Ըստ նրանց` նավթային դոլարների վրա հենված Ադրբեջանի կոռումպացված էլիտան հետաքրքրված չէ օրենքի գերակայությամբ, որը բերելու է իշխանության անխուսափելի անկման:
«Զավեշտալի է, որ Եվրոպայի խորհուրդը նման միջոցառում է իրականացնելու Ադրբեջանում: Այն պետական լրատվամիջոցների կողմից ցինիկաբար կօգտագործվի կառավարության լեգիտիմությունը ավելացնելու համար: Եվ այս ամենից հետո, դեռ եվրոպացի դիվանագետներն ու դատավորները նախատեսում են գալ Ադրբեջան»,- գրել են հեղինակները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա