Դեսպան Կազլարիչ. Ադրբեջանը պետք է ազատի քաղբանտարկյալներին և լուրջ բանակցություններ վարի Հայաստանի հետ
Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան (1994-97թթ) Ռիչարդ Կազլարիչը, ով այժմ ոչ ռեզիդենտ գիտաշխատող է ամերիկյան հայտնի Բրուքինգս Ինստիտուտում, նոր վերլուծական հոդված է հրապարակել ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների շուրջ, որտեղ անդրադառնում է Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից քաղաքական ընդդիմախոսների և լրագրողների բանտարկություններին և ժողովրդավարական արժեքների նկատմամբ իշխող ռեժիմի շարունակական դեմարշը շտկելու համար առաջարկում է վերանայել ԱՄՆ քաղաքականությունը Ադրբեջանի նկատմամբ։
Մասնավորապես, Կազլարիչը գրում է, որ տեսականորեն Հեյդար Ալիևի դարաշրջանը ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում ավարտվեց նախորդ տարի դեկտեմբերին, երբ Իլհամ Ալիևի վարչակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը հոդված հրապարակեց` քննադատելով ԱՄՆ քաղաքականությունը և մեղադրելով Նահանգներին Ադրբեջանում «հինգերորդ շարասյուն» ստեղծելու և ֆինանսավորելու մեջ։
«ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները այժմ լուրջ ճգնաժամ են ապրում, և դա արդեն շարունակվում է երկար ժամանակ», - գրում է նախկին դեսպանը։
Երկկողմ հարաբերություններում այս աննախադեպ ճգնաժամը, որի ընթացքում Բաքվում նաեւ անձնական արշավ են սկսել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դեմ, արդյունք է տարբեր պատճառների, որոնցից գլխավորն է իբրեւ Իրանի եւ Ռուսաստանի մեջտեղում կարեւոր դիրք զբաղեցնող եւ էներգակիրներով հարուստ երկիր իր արժեքը գերագնահատելու Ալիեւի սխալ հաշվարկները։
«Այս հիմքերով Բաքվում զգացել էին, որ իրենց ներելու են պետական քաղաքականության հարցում» եւ որ Վաշինգտոնը պետք է դադարեցնի ռեժիմի ճնշումների քաղաքականությունը իր սեփական ժողովրդի նկատմամբ, մեկնաբանում է Կազլարիչը։
«Ադրբեջանի տեսանկյունից, իրենց ջանքերը աշխատելու Միացյալ Նահանգների հետ դիվանագիտական ներգրավվածության ճանապարհով որեւէ արդյունք չտվեցին։ Ադրբեջանը չի մոտեցել Լեռնային Ղարաբաղը հետ գրավելու իր բաղձալի երազանքին, նախագահական մակարդակի երկկողմ հանդիպումներ չեն լինում եւ Օվալ Օֆիսում նախագահները չեն նկարվում` Ալիեւի իմիջը բարձր պահելու համար…»: Փոխարենը, ԱՄՆ շարունակում է ֆինանսավորել հասարակական կազմակերպություններին, խաղաղության ծրագրեր եւ հայ-ադրբեջանական ժողովրդական դիվանագիտության ծրագրեր, իսկ Ազատության ռ/կ ադրբեջանական ծառայության շարունակական քննադատությունը Բաքվի կոռումպացված ռեժիմի նկատմամբ ավելացնում է Ալիեւի հուսալքումը։ Կազլարիչը գտնում է, որ հաշվի առնելով նավթի միջազգային գների անկումը, Ալիեւի ռեժիմը նաեւ անհանգստացած է իր եկամուտների սրընթաց անկմամբ, որը ի վերջո հանգեցնելու է բացառապես էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտներով սնվող իր տնտեսության քայքայմանը։ «Այս ամենը ավելացրել է վարչախմբի խուճապը արտաքին միջամտությունների հետ կապված», - դիտարկում է նախկին դեսպանը։
Հիրավի, հաշվի առնելով միջազգային շուկայում էներգակիրների հետ կապված զարգացումները, ինչպես նաեւ ԱՄՆ-Իրան հարաբերությունների կարգավորման հեռանկարները` Ադրբեջանի ռեսուրսները երկկողմ քաղաքական օրակարգում այլեւս չեն ներկայացնում նախկին կարևորությունը։
Հաշվի առնելով Ալիեւի բռնատիրական ռեժիմի վերջին քայլերը, որոնք հակասում են ԱՄՆ արժեքներին եւ քաղաքականությանը, Կազլարիչը Սպիտակ Տանը առաջարկում է վերանայել նախկին լոյալ հարաբերությունները Բաքվի հետ եւ ուշադրություն դարձնել այդ հարաբերությունների ամենահիմնական տարրի` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վրա։
Կարգավորման օրակարգը առաջ մղելու համար նա ԱՄՆ վարչակազմին առաջարկում է կողմերի վրա ազդեցությունը օգտագործել1990-ականների օրինակով նախագահների անձնական ներկայացուցիչների ֆորմատով բանակցություններ վերսկսելու ճանապարհն ընտրել եւ այդ գործընթացում ակտիվացնել ժողովրդական դիվանագիտության մեխանիզմները, այդ հարաբերություններում նախկինում ակտիվ ներգրավված գործիչներին Բաքվի բանտերից ազատել եւ նոր պատերազմի վերսկսման վտանգը մեղմացնելու նպատակով խաղաղ բանակցությունների միջոցով արդյունքի հասնելու վերջնաժամկետ սահմանել։
«Քաղբանտարկյալներին ազատ արձակելը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար Հայաստանի հետ լուրջ բանակցություններ սկսելը Բաքվի համար ԱՄՆ հարգանքը ձեռք բերելու միակ ճանապարհն է», - եզրափակում է Կազլարիչը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում