Ամերիկացի սենատորները սպառնում են խստացնել Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
«Իրանը Միացյալ Նահանգների և Իսրայելի համար մեծ սպառնալիք է»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ամերիկացի դեմոկրատ սենատոր Չարլզ Շումերը:
Սենատոր Շումերը, անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև ընթացող բանակցություններին, մասնավորապես նշել է. «Եթե մինչև մարտի 24-ը միջուկային խնդրի հարցում համաձայնություն ձեռք չբերվի, ապա մենք պատրաստ ենք Իրանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելուն ուղղված նախագծին կողմ քվերակել»:
Նշենք, որ հունվարի սկզբին ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ռոբերտ Մենենդեսը և հանրապետական սենատոր Մարկ Քըրքը օրենքի երկու նախագիծ են ներկայացրել, որոնց նպատակը Իրանի նկատմամբ «պայմանական պատժամիջոցներ» կիրառելն է:
Ամերիկացի սենատորն իր խոսքում նշել է, որ Իրանը Միացյալ Նահանգների և Իսրայելի համար մեծ սպառնալիք է:
«Եթե նույնիսկ Իրանը միջուկային զենք ստեղծելու 10 տոկոս հնարավորություն ունենա, ապա պետք է նրան զրկել այդ հնարավորությունից»,-նշել է սենատոր Չարլզ Շումերը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Սենատի բանկային կոմիտեն օրերս վավերացրել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին նախագիծը, համաձայն որի՝ եթե «5+1 խմբի» հետ Իրանի բանակցությունները մինչև 2015 թվականի հունիսի վերջն արդյունքի չհասնեն, ապա Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները կխստացվեն:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փետրվարի 2-ին «CNN» հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով Կոնգրեսի կողմից Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու հավանականությանը, նշել է, որ վետո կդնի Կոնգրեսի ներկայացրած բոլոր այն նախագծերի վրա, որոնք կարող են վնասել Իրանի միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցությունները: