«Ստոր քաղաքական սպանություն». Միջազգային արձագանքը Բորիս Նեմցովի սպանությանը
Եվրոպական Միությունը ակնկալում է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործի քննությունը կկատարվի արագ ու անաչառ: Այդ մասին նշվում է ԵՄ ներկայացուցչի տարածած հաղորդագրության մեջ, գրում է ТАСС-ը:
«Մենք խորապես ցնցված ենք կատարվածով: Մեր մտքերն այսօր սպանվածի մերձավորների ու հարազատների հետ են: Կոչ ենք անում արագ ու անաչառ քննություն իրականացնել և ակնկալում ենք, որ հանցագործները կհայտնաբերվեն ու արժանի պատիժ կստանան»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանում ընդդիմադիր գործչի սպանությունը դատապարտել են նաև միջազգային տարբեր քաղաքական գործիչներ. Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլլանդը համարել է դաժան սպանություն, Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելը «ստոր սպանություն» որակելով, կոչ է արել արդար քննություն իրականացնել:
«Այս քաղաքական սպանությունը վկայում է երկրում տիրող ատելության մասին: Ես ապշած եմ ռուս քաղաքական գործչի սպանության փաստով»,-հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը՝ ցավակցելով Նեմցովի հարազատներին ու մտերիմներին:
Կատարվածը դատապարտել է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
«ԱՄՆ-ն դատապարտում է Բորիս Նեմցովի դաժան սպանությունը: Մենք կոչ ենք անում ռուսական կառավարությանը իրականացնել անհետաձգելի, անաչառ քննություն և հասնել նրան, որ մեղավորները պատժվեն», -նշվում է ԱՄՆ Անվտանգության խորհրդի Twitter-ի միկրոբլոգում:
Հիշեցնենք՝ ընդդիմադիր քաղաքական գործչի սպանության ժամանակ ուկրաինացի ֆոտոմոդել Աննա Դուրիցկայան նրա հետ է եղել: Բորիս Նեմցովի սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության և ապօրինի զենք պահելու հատկանիշներով: ՌԴ Քննչական կոմիտեն չի բացառել, որ սպանությունը եղել է պատվերով: Պաշտոնապես հայտարարվել է, որ կրակողը սպիտակ գույնի մեքենայում է եղել: Մեքենայի մակնիշը հայտնի է, բայց չի հաղորդվում՝ ելնելով նախաքննության գաղտնիությունից: