Օդային աղետ Ֆրանսիայում. Փրկվածներ չկան
Ֆրանսիական Ալպերում վթարի ենթարկված Airbus A320 օդանավի բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները մահացել են: BBC-ի ուղիղ եթերում հայտարարել է Ֆրանսիայի տրանսպորտի նախարարը:
Օդանավում, նախնական տվյալներով, եղել է 148 մարդ, որից վեցը օդանավի անձնակազմի անդամներն են: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ օդանավի աղետի հետևանքով, ամենայն հավանականությամբ, բոլոր մարդիկ մահացել են:
Վթարի ենթարկված օդանավը պատկանել է Germanwings ընկերությանը և ուղևորվելիս է եղել Դյուսելդորֆից Բարսելոնա:
Ըստ BBC-ի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսային կարճ զրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ զորակցություն հայտնելով նրան: Միաժամանակ, Իսպանիայի թագավոր Ֆիլիպը և իր կինը այս պահին գտնվում են Ֆրանսիայում և պատրաստվում են հանդիպել Օլանդի հետ:
Germanwings ավիաընկերությունը առայժմ որևէ տեղեկություն չի տրամադրում, միայն հայտնի է, որ րոպեներ անց նրանք պատրաստվում են հանդես գալ մամլո ասուլիսով:
BBC-ն հրապարակել է Դյուսելդորֆի օդանավակայանի ժամանումների տախտակի լուսանկարը, որում Airbus A320 օդանավի 4U9525 թռիչքի մասին որևէ տեղեկություն չկա: