Արամ Ա-ն հետևում է Թուրքիայի դատարանում կաթողիկոսարանի վերադարձի հարցով բացված դատին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, ով հովվապետական այցով գտնվում է ԱՄՆ-ում, ուշադիր հետևում է Թուրքիայի սահմանադրական դատարանում Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հարցով բացված դատին: Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի պաշտոնական կայքից:
Այս կապակցությամբ Նորին Սրբությունը Վաշինգտոնում աշխատանքային հանդիպում է ունեցել դատի հանձնախմբի անդամ դոկտոր Թաներ Աքչամի հետ, ով դրական է գնահատել կատարված աշխատանքները: Վեհափառ Հայրապետը, ընդգծելով վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ ելույթները, կարևորությամբ շեշտել է աշխատանքները նույն թափով շարունակելու անհրաժեշտությունը: Արդյունքում որոշվել է Ստամբուլում մայիսին` Թուրքիայում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, Կաթողիկոսարանի դատի վերաբերյալ ասուլիս տալ:
Նորին Սրբությունը կապի մեջ է նաև հանձնախմբի այլ անդամների հետ և ուշադիր հետևում է միջազգային մամուլին և Թուրքիայի հակազդեցություններին:
Նշենք, որ ապրիլի 28-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը դատ էր բացել Թուրքիայի սահմանադրական դատարանում` պահանջելով Սիսի իր պատմական Կաթողիկոսարանի վերադարձը:
Կիլիկիո Կաթողիկոսարանը, որը գտնվում է պատմական Կիլիկյան թագավորության մայրաքաղաք Սիսի մեջ, խորհրդանշական իմաստ ունի Կիլիկիայի ու ողջ հայության համար: Թուրքական կառավարությունը Սիսի կաթողիկոսարանը առգրավել էր Ցեղասպանությունից հետո: 1921 թվականին Օսմանյան կառավարությունը երկու օր ժամանակ տվեց Սահակ Բ. Խաբայան Կաթողիկոսին` Կաթողիկոսարանից վերջնականապես հեռանալու համար: Սահակ Կաթողիկոս, վերցնելով կրոնական և մշակութային թանկագին գանձեր (ձեռագիր, հնատիպ, ծիսական սպասք, մյուռոնի կաթսան), իր փոքրաթիվ միաբանության հետ բռնեց գաղթի ճամփան: Վեհափառը հաջորդաբար հաստատվեց Երուսաղեմում, Հալեպում, Դամասկոսում, Կիպրոսում և 1930-ին` Անթիլիասում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին