ՅՈՒՆԵՍԿՕ-ն խստորեն դատապարտել է Սանայի պատմական շինությունների ավերումը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան հայտարարել է, որ Եմենի մայրաքաղաք Սանայի պատմական թաղամասերի ավերումը շոկային է և հանգեցնում է հումանիտար վիճակի վատթարացմանը: Այս մասին հայտնում է «Իտար-տասս»-ը:
«Խորը ապրումների մեջ եմ մարդկանց մահվան և մուսուլմանական աշխարհի ամենահին մարգարիտներից մեկի ավերման պատճառով: Շոկի մեջ եմ հայտնվել այն բանից հետո, երբ այդ բարձրահարկ տուն-աշտարակները՝ իրենց հարմարավետ այգիներով, վերածվում են ավերակների, ինչը ավելի կվատացնի հումանիտար իրավիճակը»,-ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը՝ միաժամանակ կոչ անելով հակամարտող կողմերին հարգել և պաշտպանել Եմենի մշակութային ժառանգությունը:
Նշենք, որ Սանա քաղաքը գոյություն ունի ավելի քան 2500 տարի: Գտնվելով առևտրական ճանապարհների խաչմերուկում՝ 7-րդ դարից այն վերածվեց իսլամի տարածման ամենախոշոր կենտրոններից մեկը: Սանայի պատմական կենտրոնը, որը հայտնի է իր կավաշեն բազմահարկ շինություններով, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: