Ժնևում անարդյունք ավարտվել են Եմենի հարցով խաղաղության բանակցությունները
Եմենի տարագիր ԱԳ նախարար Ռիադ Յասինը հայտարարել է, որ Ժնևում անցկացվող խաղաղության բանակցությունները ձախողվել են, և իրենք չեն կարողացել հրադադար հաստատելու վերաբերյալ համաձայնության գալ հուսի-ապստամբների հետ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ըստ նրա՝ բանակցությունների ձախողման մեղավորները հուսիներն են, սակայն հույս է հայտնել, որ շարունակելու են հակամարտության կարգավորման ջանքերը:
«Մենք իսկապես այստեղ էինք եկել մեծ հույսով և դեռ լավատես ենք, որ ՄԱԿ-ի հովանու ներքո Եմենի հարցով խաղաղ լուծում կգտնենք: Ցավոք հուսիների պատվիրակությունը թույլ չտվեց մեզ հասնել ակնկալվող առաջընթացին»,-լրագրողներին ասել է Յասինը:
Հիշեցնենք, որ Եմենում մարտի 26-ից, երբ հուսիները գրավել էին Ադեն քաղաքի մեծ մասը ու ստիպել գործող նախագահին փախչել երկրից, Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան օդային հարվածներ է սկսել:
Ժնևում Եմենի հակամարտող կողմերի միջև բանակցությունները սկսվել էին հունիսի 15-ին ՄԱԿ հատուկ դեսպան Իսմայիլ Ուլդ Շեյխ Ահմեդի գլխավորությամբ: