Իրանի ԶՈւ ԳՇ պետ. Սաուդյան Արաբիան ռազմական հանցագործ է
«Սաուդյան Արաբիայի՝ Սիրիայի հարցով բանակցություններին մասնակցելն անթույլատրելի է»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին:
Իրանի ԶՈւ ԳՇ պետը, անդրադառնալով Վիեննայում նախատեսվող Սիրիայի հարցով բանակցություններին, մասնավորապես նշել է. «Սաուդյան Արաբիայի ռեժիմի մասնակցությունն այդ բանակցություններին, անթույլատրելի է: Սաուդյան Արաբիան ռազմական հանցագործ է, քանի որ այդ երկիրը բազմակողմանի աջակցություն է ցուցաբերել Իրաքում, Սիրիայում և Լիբանանում գործող ահաբեկչական խմբերին, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցին»:
Նշենք, որ սիրիական ճգնաժամի սկզբից չորս տարի անց առաջին անգամ Միացյալ Նահանգներն Իրանին ևս հրավիրել են՝ մասնակցելու Սիրիայի հարցով բանակցություններին:
«ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն արդեն մեկնել է Վիեննա, և այսօր երեկոյան նախատեսվում է Իրանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ԱԳ նախարարների հանդիպումը: