Փորձագիտական հանձնաժողովը քննարկել է Վենետիկի 55-րդ բիենալեին Հայաստանի մասնակցության հայտերը
Մշակույթի նախարարությունում փորձագիտական հանձնաժողովը քննարկել է
Վենետիկի 55-րդ բիենալեի հայկական տաղավարի հայեցակարգի և բովանդակային ձևավորման համար ներկայացված հայտերը: Այս մասին Panorama.am-ին փոխանցում են մշակույթի նախարարությունից:
Հիշեցնենք, որ ստացվել էին չորս հայտ. Արման Գրիգորյան՝ «Հայկական նախագիծ», ԱԺՉ արվեստային կուրատորական խումբ՝ «Նշանախոսության համայնագիտարան», Արչի Գալենց՝ «Հենակետ», Արարատ Սարգսյան՝ «Տղա Դավթի ու աղջիկ Խանդութի հեքիաթը»: Հայտերը քննարկվել են՝ համաձայն փորձագիտական հանձնաժողովի նախորդ նիստում սահմանված հետևյալ չափորոշիչների `
* Նախագծում ներկայացվող գործերի կապը արվեստի զարգացման համաշխարհային միտումների հետ,
* նախագծի ներկայացուցչականությունը համատեքստում,
* նախագծի կապը Վենետիկի բիենալեի առաջարկած հայեցակարգի հետ,
* նախագծում արծարծվող թեմայի, գաղափարի և նրանում կիրառված լեզվի արդիականությունը,
* նախագծում ներկայացվող արվեստագետի անձնական ստեղծագործական վաստակը,
* համադրողի կողմից նախագծի կառավարման և իրականացման միջոցների առկայությունը (դրամական միջոցներ, աշխատակազմ և այլն):
Փորձագիտական հանձնաժողովը եզրակացրել է, որ հայտերից ոչ մեկը լիովին չի համապատասխանում վերոնշյալ չափորոշիչներին և առաջարկել է համապատասխան լրամշակումից հետո Արման Գրիգորյանի և Արարատ Սարգսյանի ներկայացրած հայտերը քննարկել մեկ անգամ ևս: Հանձնաժողովի վերջնական նիստը գումարվելու է հունվարի 30-ին:
Վենետիկի 55-րդ բիենալեն անցկացվելու է հունիսի 1-ից նոյեմբերի 24-ը: Այն «Հանրագիտարանային պալատ» ընդհանուր խորագիրը, որն, ըստ էության, երևակայական պալատ է, որտեղ ներկայացվելու են մարդկության կարևորագույն գյուտերը` անիվից մինչև արբանյակ, անցյալի ու ներկայի, հնի և նորի համադրությամբ:
1895թ. հիմնադրված ժամանակակից արվեստի համաշխարհային ամենահեղինակավոր այդ ստուգատեսին Հայաստանը մասնակցում է 1995 թվականից: 1995-2009թթ. հայկական տաղավարը ներկայացրել է «Նորարար փորձառական արվեստի կենտրոնի» (ՆՓԱԿ) հիմնադիր Էդուարդ Պալասանյանը: 2011-ի` 54-րդ բիենալի հայկական տաղավարի կոմիսար եղել է Վիկտոր Մնացականյանը:
Նախորդող նորություններ՝ Ո՞վ կամ ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը Վենետիկի 55-րդ բիենալեում
Ամեն ինչ դեռ կորած չէ… Հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Հնարավոր է Հայաստանը չմասնակցի Վենետիկի 55-րդ բիենալեին
Մշակույթի նախարարությունը նախապատրաստվում է Վենետիկի 55-րդ բիենալեին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները