«Մեր սերունդը զմայլված էր … իսկական հայրենասեր էր»՝ Գևորգ Բաշինջաղյան (լուսանկարներ)
Հայ նկարիչները, մասնավորապես, Մարտիրոս Սարյանը, Գևորգ Բաշինջաղյանին համարել են իրենց նախակարապետը, ինչպես նաև հայ գեղանկարչության մեջ ռեալիստական բնանկարի հիմնադիրը։
Գ. Բաշինջաղյանը հիմնականում ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում, իսկ 1899–1901 թթ-ին՝ Փարիզում: Թեև նա կյանքի մեծ մասը անցկացրել է Թիֆլիսում, իր աշխատանքներում գերակշռում են Հայաստանին նվիրված թեմաները։
Նրա` որպես մեծ հայրենասերի մասին հիացմունքով գրել է նաև Ավետիք Իսահակյանը, որ նրա հետ ծանոթացել էր 1896թ.. «Մեր սերունդը զմայլված էր Բաշինջաղյանի գործերով, և մենք նրա ոչ մի ցուցահանդես բաց չէինք թողնում: Ես հետաքրքրությամբ էի լսում նշանավոր նկարչի պատմությունները: Ուր ասես, որ նա չի եղել` Եվրոպայում, Ռուսաստանում... հատկապես լավ գիտեր Իտալիան և Փարիզը: Հռոմի, Ֆլորենցիայի, Վենետիկի, Լուվրի գանձերը նրան լավ հայտնի էին: Նա պատմելու հատուկ տաղանդ ուներ: Հիշում եմ` ինչպես էր նկարագրում Զանգեզուրը, Ղարաբաղը և Անին. իսկական հայրենասեր էր»:
Շուրջ 1000 նկարի հեղինակ է, որոնց մեծ մասը բնանկար է: Նրա ստեղծագործության մեջ բնանկարչությունն ինքնուրույն ժանրի նշանակություն է ստացել: Բաշինջաղյանը խաղաղ բնության նկարիչ է. նրա արվեստին խորթ են փոթորկի, ալեկոծման տեսարանները: Նրա ստեղծագործություններում գերակշռում են Սևանն ու Արարատը պատկերող տեսարանները:
Բաշինջաղյանը նաև գրել է պատմվածքներ, նովելներ, պիեսներ, հոդվածներ՝ արվեստի ու գրականության վերաբերյալ, եռանդուն գործունեություն ծավալել Սայաթ-Նովայի տաղերի հավաքման և հրատարակման, նրա մահարձանի կառուցման, հայ ճարտարապետական կոթողների նորոգման համար:
Նա իր անհատական վախճանին պատրաստվում էր իբրև Նկարիչ: Ուսումնասիրում էր մեծն Սայաթ-Նովայի ստեղծագործությունը, հանդես էր գալիս որպես գրող և գրականագետ: Հաճախ այցելում էր Սբ. Գևորգ եկեղեցի և տեղ փնտրում գմբեթի տակ: 1925թ. հոկտեմբերի 3-ին վերջին անգամ հարազատներին հիշեցնում է իր թաղման տեղը` եկեղեցու գավթում, Սայաթ-Նովայի գերեզմանի կողքին. «Սեն Դընիից վատը չէ»:
«…մեծ բազմության մեջ նա աչքի էր ընկնում իր կիրթ շարժուձևով և փոքր-ինչ երազուն նայվածքով, ուստի և նրան տեսնողը ուրիշ բան չեր կարող ենթադրել, եթե ոչ միայն այն, որ այդ մարդը արվեստագետ է: … Այնքան պրոֆեսիան իր կնիքն էր դրել նրա վրա` նուրբ զգայնությունը, դիտող աչք և արտիստիկ մաներներ…»,- հատված Ս. Զորյանի «Հուշերի գրքից»՝ Գ. Բաշինջաղյանի մասին:
Հայկական կերպարվեստ շարքը նպատակ ունի նորելու մեր հիշողությունն ու հարգանքը` հանդեպ հայ արվեստի վարպետների ու դասականների:
Ալազանի հովիտը (էտյուդ)
Ալգետկա գետը. Քարեր
Ամպեր Սև ծովի վրա
Անիի Աստվածածնի վանքի ավերակները (1901)
Անի
Անիի միջնաբերդը (1894)
Անձրևից հետո. Ծիածան
Ծաղկած ծառեր
Լուսնյակ գիշեր Քուռի ափին (1919)
Ձմեռային տեսարան. Ձնակույտեր (1914-1924 թթ.)
Շարքի նախորդ հրապարակումները՝
«…միշտ մեր նկարասրահների զարդը կլինեն»` Փանոս Թերլեմեզյան (լուսանկարներ)
«...եվրոպական մասշտաբի մի վարպետ»՝ Եղիշե Թադևոսյան (լուսանկարներ)
Ազգային ռեալիստական նկարչությունը հասցրել է նոր բարձրության. Ստեփան Աղաջանյան (Լուսանկարներ)
Հոգեբանական առաջին դիմանկարն ու ժանրային առաջին նկարները. Ստեփանոս Ներսիսյան (լուսանկարներ)
Հայ կերպարվեստում պատմական ժանրի հիմնադիր՝ Վարդգես Սուրենյանց (լուսանկարներ)
Հայկական կերպարվեստում բնանկարի ժանրի հիմնադիր՝ Հովհաննես Այվազովսկի (լուսանկարներ)
Հայկական կերպարվեստում դիմանկարի ժանրի հիմնադիր՝ Հակոբ Հովնաթանյան (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան