5.5 դասարանով և աշակերտներին նվիրված ուսուցիչներով սահմանամերձ դպրոցը
Սյունիքի մարզի սահմանամերձ Ներքին Խնձորեսկի միջնակարգ դպրոցի շենքն ընդամենը տասը տարեկան է: Երբ կառուցվում էր շինությունը, դպրոցի աշակերտները շատ էին ուրախացել, վերջապես իսկական դպրոցի շենքում կսովորեն: Սակայն աշակերտների ուրախությունը երկար չտևեց:
Շենքը շահագործվել է 2004-ին, որոշ ժամանակ անց արդեն սկսել են պոկվել հատակի փայտերն ու տանիքի թիթեղները: Շինարակական աշխատանքներն իրականացնող ընկերությունը անբարեխիղճ է գտնվել, գումարներ է յուրացրել և գնել անորակ, էժան շինանյութ:
Դպրոցի տնօրեն Անուշ Գրիգորյանի խոսքով, այժմ դպրոցի հատակն և տանիքը վերանորոգելու խիստ անհրաժեշտություն կա:
«Հատակի տախտակը էժան գնով ձեռք բերելու պատճառով թաց փայտ են գնել, օդափոխում էլ չի կատարվել: Օդանցքները բացած չեն եղել, շահագործումից հետո մենք ենք օդանցք բացել: Մտել ենք դասարանները, սկսել է կոտրվել խոնավացած, ապա չորացած տախտակը: Բացի այդ, շենքը կառուցելիս փորել են, մտել հողի մեջ, մեկ հարկանի շինության հիմքը հողին կպած է, ջուրն այդտեղից է քաշում, շենքը խոնավ է, իսկ հատակն այդ պատճառով փտել է»,- ասում է տնօրենը:
Շենքի տանիքը կաթում է: Կաթոցների տակ ամաններ են դրել, որ սենյակներում չլինի: Ըստ տնօրենի, տանիքն ընդհանրապես չի համապատասխանում ստանդարտներին. «Այնքան բարակ է թիթեղը, որ քամիներից բարձրանում է»:
Դպրոցի շենքի` նման վիճակում հայտնվելուց հետո շինարարական ընկերությունը իբր փորձել է փոխհատուցել, որոշ քանակությամբ շինանյութ է տվել, որ հատակը փոխեն:
«15 հատ տախտակ էր տվել, մի քանի դասարան կարգավորել ենք: Բայց դե դա ոչ մի բան է: Մեզ բարերարներն են շատ օգնել, ինչ-որ կերպ կարողացել ենք մի քիչ հարդարել, բայց տանիքի ու հատակի հարցը մնում է չլուծված»,- ասաց նա:
Ընկերությունը հետագայում դատարան է կանչվել, մի քանի շենքեր են կառուցել նույն ձևով, տնօրենը դատվել է:
Ներքին Խնձորեսկում 32 աշակերտ կա: Անուշ Գրիգորյանը նշում է, որ աշակերտների թիվը պակասում է, իսկ հիմնական պատճառը սոցիալական վատ պայմաններն են:
«Անցյալ տարի երեք երեխա դպրոցը կիսատ թողեցին և ամուսնացան: Ծնողները մտածում էին, որ այդպես ավելի ճիշտ է: Մեկը 12-րդ դասարան էր, մյուսը երկուսը` 11: Իրենք մտածեցին, որ ամուսնացնում են, հոգսն ավելի է թեթևանում, բայց չհասկացան, որ հակառակն է: Ինչքան էլ համոզեցինք, ասացին` չէ»,- պատմում է նա:
Գյուղում ոչինչ չկա, տրանսպորտ չունեն, գործող մշակույթի միակ կետը կրթօջախն է: Մանկապարտեզը վերջերս է բացվել:
Գյուղում արտագաղթն է մեծ: Անուշ Գրիգորյանը ցավով նշում է, որ մարդիկ հեռանում են գյուղից. «Լավագույն աշակերտներս գնացել են մոտակա քաղաքները: Մենք չենք կարող իրենց խանգարել կամ արգելք հանդիսանալ»:
Դասերը կոպլեկտավորած են պարապում: Ընդհանուր կոմպլեկտով 5.5 դասարան են. առաջինն ու երկրորդը` միասին, երրորդ-չորրորդը` միասին, հինգ-վեց` միասին, մյուս դասարաններն առանձին են: Դպրոցի երեխաները դպրոցական ինտելեկտուալ խաղերին և օլիմպիադաներին պարտադիր մասնակցում են: Անցած տարի մեկը մեդալի թեկնածու է եղել, բայց ցանկություն չի հայտնել մեդիալի համար պայքարելու, հիմա բուհում է սովորում:
«Օրինակ անցյալ տարի չորս շրջանավարտներից երեքը բուհ ընդունվեցին: Այս տարի մեկ շրջանավարտ ունեմ, թատրոնն է շատ սիրում, տեսնենք` կընդունվի՞»,- ասում է տնօրենը:
Դպրոցի բոլոր ուսուցիչները մասնագետ են: Միայն ֆիզկուլտուրայի մասնագետի պակաս ունեն: Մրցույթը հաճախակի հայտարարում են, բայց սահմանամերձ գյուղ է, ոչ ոք չի էլ ցանկանում գալ այստեղ աշխատելու:
Անուշ Գրիգորյանը հպարտանում է. «Ես ունեմ շատ լավ կոլեկտիվ: Աշխատանքը կատարում են մեծ պատասխանտվությամբ, իսկական մանկավարժ են, ոչ թե հօգուտ սեփական շահի են աշխատում, այլ հօգուտ երեխայի գիտելիքների: 0,25 դրույքով են մտնում դասարան, բայց պարապում են ամբողջ ժամ: Մեծ նվիրվածությամբ, սիրելով փոքրիկներին, գյուղը, դպրոցը, ոչ մի առարկություն չի լինում, դասաժամերը նորմալ են անցնում: Այսքան ժամանակ դեպք չի եղել, որ մեկն ասի` ես 0,25 եմ վճարվում, ինչո՞ւ պետք է ամբողջ ժամ պարապեմ: Նվիրված աշխատում են փոքրիկների հետ, կարծում եմ լավ ստացվում է, առաջադիմությունն էլ լավ է»:
Գյուղական դպրոցների մասին շարքի նախորդ պատմությունները՝
7 աշակերտ` 3 ընտանիքից, 4 դասարանով և խարխուլ շենքով դպրոցը
Երկու մասնաշենք և 338 աշակերտ ունեցող դպրոցի փոքր հատվածն է միայն օգտագործվում
Ավազանի դպրոցը նույնիսկ 4 բալանոց երկրաշարժից փուլ կգա
Չորաթանի դպրոցն ու աշակերտների կիսատ մնացած ցանկությունը
Վերին Կարմիր Աղբյուրի դպրոցը` կիսավարտ, վթարային շենքում
Դաստակերտի դպրոցի տանիքը` անձրևաջրերով լցված, դպրոցը` քանդման եզրին
Քամին տանիքն է տարել, անձրևները լցվել են շենք, քայքայել պատերն ու հատակը. Սպանդարանի դպրոցը
Փլատակ դարձած դպրոցը. 10 տարի փայտե տնակներում, հետո` խոնավ ու բորբոսնած պատերով շենքում
Հիմքերն անձրևաջրերով են լցվում, տանիքը` կաթում, հատակը քանդված է… Վերիշենի դպրոցը
Թասիկի դպրոցը` առանց դպրոցական շենքի, 14 աշակերտով
Քանդված տանիքով դպրոցը. Տնօրենը հնամաշ պատուհաններին մի կերպ ապակի է գցում ու ցելոֆաններ փակցնում
Քանդված հատակ, փտած դռներ, առաստաղից երևացող գերաններ և մութ դասասենյակներ. Կուտականի դպրոցը
Դպրոցը՝ նախկին կոլխոզի շենքում. Սալվարդում ընդամենը 15 աշակերտ կա
«Կոմպլեկտավորած դասարանում ուսման որակի հերն անիծվում է». Դպրոցի տնօրենը զենքերը վայր չի դնում
Պատուհանից այն կողմ` ցելոֆաններ երկնքի փոխարեն. Սորիկի աշակերտների երազանքն ու իրականությունը
Դպրոցը՝ վթարային շենքում. Դաշտադեմում մի քանի օրից ընդամենը ինը աշակերտ կմնա
Քայքայված պատեր ու ծակ լուսամուտներ. Վաղատինի դպրոցը
Յոթ աշակերտով դպրոցը, Աճարկուտում քիմիայի լաբորանտն արդեն 15 տարի հայոց լեզու է դասավանդում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին