Ջրի սակավության պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատյան դաշտավայրում
Ջրի սակավության պատճառով այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատյան դաշտավայրի գյուղացիական տնտեսություններում: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը` Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը ներկայացնելուց հետո:
Վարչապետի խոսքերով` իրականացրած հաշվարկներով պարզվել է, որ այսօրվա դրությամբ առկա ջրային ռեսուրսները շատ արագ սպառվելու են: «Եթե ուզում ենք Արարատյան դաշտավայրում ապահովել նորմալ ոռոգման ջրի մատակարարում, ապա պարտադրված ենք լինելու Ազգային ժողովից թույլտվություն ստանալ և լրացուցիչ 150 մլն խմ ջուր վերցնել Սևանա լճից, որպեսզի գյուղատնտեսությունում խնդիրներ չունենանք»,- ասաց Տ.Սարգսյանը:
Ա.Անդրեասյանը հիշեցրեց, որ նմանատիպ իրադրություն առաջացել է 2008 թ-ին և երկու անգամ Աժ-ից թույլտություն են խնդրել: Հիմա, ըստ նրա, կանխատեսումներն իրականացրել են այնպես, որպեսզի երկու անգամ Աժ-ին չդիմեն:
Իսկ վարչապետը տեղեկացրեց, որ երեկ հանդիպել է Սևանա լճի հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի հետ, ով ներկայացրել է իրենց հաշվարկները, որոնք, ըստ Տ.Սարգսյանի Ջրային կոմիտեի ներկայացրած հաշվարկներից տարբերվում են: Այսինքն` դրանց մեջ կան տարբերություններ, ուստի վարչապետը հանձնարարեց, որ որոշման ընդունումից հետո Ջրային կոմիտեն աշխատի հանձնաժողովի հետ, որպեսզի հետագայում թե մեթոդաբանության, թե թվերի հետ կապված խնդիրներ չառաջանան:
Նախորդող` http://panorama.am/am/society/2012/06/14/gov-sevan/
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան